Ալեն Սիմոնյանի նախագիծն ուղղված է խոսքի ազատության դեմ, այն պրեսսինգ է լրատվամիջոցների, քաղաքական գործիչների, քաղաքացիների վրա. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի նախագիծը, որով սահմանվում է զրպարտության համար տուգանք՝ մինչև 6 մլն դրամ, վիրավորանքի համար՝ 3 մլն դրամ, համարում եմ աննախադեպ խայտառակ օրինագիծ։ Այն բնավ ուղղված չէ վիրավորանքի և զրպարտության դեմ, անտրամաբանական, անհամաչափ տուգանքներ են։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Այն ուղղված է խոսքի ազատության դեմ, ՀՀ-ում ազատ խոսքը լռեցնելու դեմ։ Եթե իշխանությունները ցանկանում են ՀՀ-ում վերացնել վիրավորանքը, զրպարտությունը, ատելության խոսքը, հայհոյանքը, զազրախոսությունը, ապա դա Նիկոլ Փաշինյանից պահանջելու է ընդամենը 2 րոպե ժամանակ՝ փակվում է իշխանական ֆեյք ինդուստրիան, և կտեսենք, որ ՀՀ-ում շնչելը կլինի շատ ավելի ազատ, ՀՀ-ում մեծամասամբ կվերանա ատելության, թշնամանքի խոսքը։ Սա ուղղակի պրեսսինգ է լրատվամիջոցների, քաղաքական գործիչների, քաղաքացիների վրա, որ կաշկանդված լինեն իրենց խոսքն արտահայտելիս»,-ասաց նա՝ նշելով, թե իր համար անհասկանալի կլինի, եթե միջազգային կառույցներն այդ նախագծին չարձագանքեն։

Պատգամավորը նշեց նաև, թե շատ է կարևորում ԲՀԿ պատգամավորների կողմից առաջադրված՝ ՔՕ-ում փոփոխությունը, որը ցմահ ազատազրկում է սահմանում պետական դավաճանության համար։

«Նաև՝ գործող օրենսգրքով լրտեսության համար սահմանվում էր 8-15 տարի ազատազրկում, մենք այն դարձրել ենք մինչև 20 տարի ազատազրկում։ Սա ես շատ կարևոր եմ համարում, որովհետև, հատկապես Արցախյան վերջին պատերազմից  հետո, վստահ եմ, մի օր ՀՀ անկախ դատարանն անպայմանորեն իրավական գնահատական է տալու նրան, ինչ տեղի ունեցավ, և բոլոր մեղավորները ստանալու են իրենց պատիժը»,-նշեց նա։