ՀՀ ԱԳ փոխնախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելություն Արցախ ուղարկելու անհրաժեշտություն է տեսնում

Մարտի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը տեսակապի միջոցով զրույց է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի գրասենյակի ղեկավար Նիկոլա Կասիանիդեսի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ԼՂ հակամարտության գոտում հայկական պատմական և կրոնական ժառանգության պաշտպանության հարցին և այդ համատեքստում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից փաստահավաք առաքելություն Արցախ ուղարկելու կարևորությանը:

ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային, կրոնական ժառանգության պաշտպանության ուղղությամբ քայլեր ձեռնարկելու հրատապությունը՝ հաշվի առնելով հայկական հուշարձանների դիտավորյալ ոչնչացման, դրանց սրբապղծման և ինքնության խեղաթյուրման ուղղությամբ Ադրբեջանի կողմից իրականացվող հետևողական քայլերը։

Արտակ Ապիտոնյանն անդրադարձել է հայկական մշակութային և կրոնական ժառանգության նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի վերջին դրսևորումներին: Մասնավորապես, նշվել է, որ այսօր համացանցում BBC լրատվական ծառայության կողմից շրջանառվել է տեսանյութ, որտեղ հստակ երևում է, որ Մեխակավան բնակավայրի մոտ գտնվող Զորավոր Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին հիմնովին ավերվել է:

Անդրադառնալով փաստահավաք առաքելության նախապատրաստական աշխատանքներին՝ ԱԳ նախարարի տեղակալը խիստ մտահոգություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի արդյունավետ ներգրավմանը խոչընդոտելու ուղղությամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության առնչությամբ:

Ընդգծվել է, որ առաքելությունը շահարկելու և անհարկի քաղաքականացնելու Ադրբեջանի փորձերը բոլորովին անընդունելի են: Շեշտվել է առաքելությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կողմից ի սկզբանե հայտարարված և 1954թ․ Հաագայի կոնվենցիայի Երկրորդ արձանագրության միջկառավարական կոմիտեի հայտարարությունում վերահաստատված ձևաչափով անցկացնելու կարևորությունը: