Եթե այդ թվերը գումարենք իրար, կստացվի, որ Ադրբեջանից Հայաստան փոխանցվել է 389 մլն դոլար (տեսանյութ)

Մինչև պետական հեղաշրջումը, Հայաստան Վրաստանի միջոցով ներկրվել է 48 միլիոն դոլար. այս մասին «Հայելի» ակումբում օրերս կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ևս մեկ անգամ հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսաղուլյանը` հիշեցնելով, որ ինքն այդ մասին, ի լուր աշխարհի, բազմիցս հայտարարել է թե՛ իշխանության զավթումից առաջ, թե՛ դրանից հետո, նշել է նաև բոլոր ներկրողների անունները, ինչի համար իրեն արդեն 10-11 հոգի դատի են տվել:

«Հայաստանում պետական հեղաշրջումը տեղի ունեցավ թուրք-ազերական 48 միլիոն դոլարի օժանդակությամբ, էդ օժանդակությունը Հայաստան ներկրել են Նիկոլը, նրա կինը, Մակունցը, Դավիթը Սանասարյան, Արմենը Գրիգորյան, Արայիկը Հարությունյան, այսինքն` ամբողջ այն վերնախավը, որն իշխում է Հայաստանի Հանրապետությունում և զբաղեցնում է Հայաստանի համար ամենակարևոր պաշտոնները,- ասաց Գառնիկ Իսաղուլյանը:- Եվ, ահա, Ալիևը հստակ հայտարարեց, որ, այո, ինքը Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած գործընթացներում օժանդակել է Սերժ Սարգսյանի իշխանության հեռացմանը և Նիկոլ Փաշինյանի իշխնության գալուն»:

Ըստ Իսաղուլյանի, եթե թուրք-ազերական գումարներով հեղաշրջում էր անում, այդ ուժերին, բնականաբար, որոշակի խոստումներ տվել է, և այդ խոստումների հիմնական մասը կազմել է այն, թե ինչպես են թուրք-ազերական շահերը Հայաստանում առաջ տարվելու:

«Խնդիր համար 1-ինը` Արցախի հանձնումն էր, որը կատարվեց»,- ասաց Իսաղուլյանը:

Այս ամենը, սակայն, նորություն չէր, իսկ թերևս ամենակարևոր նորությունը, որն ասաց հիշյալ կուսակցության ղեկավարը, հետևյալն է.

«Հիմա ասում եմ, ոնց որ էն 48 միլիոնը, էնքան ժամանակ չհավատացիք, մինչև Ալիևը խոստովանեց, որ, այո, ինքն օժանդակել է Նիկոլին` Սերժ Սարգսյանին իշխանություևից հեռացնելու, հիմա ասում եմ` արդեն իսկ գալիք ընտրությունների համար թուրք- ադրբեջանական ալյանսը 130 միլիոն դոլար փող է տվել Նիկոլին, չհաշված էն 8 միլիարդը, դա տվել են, որ ինքը վայելի կնգա հետ: 130 միլիոն, արդեն միջամտում են ուղղակի հայաստանյան ընտրություններին` թուրքերն ու ազերիներն ամենաբարձր մակարդակով: Նրանք են որոշելու ով քանի տոկոս է հավաքելու»:

Իսաղուլյանի խոսքի ուշադրության արժանի բազմաթիվ դրվագներից ևս մեկ մեջբերում.

«Հիմա պարոն Ծառուկյանը, պարոն Վանեցյանը մտածում են գնան ընտրությանը… Իրենց, չի բացառվում, խոստացել են` մի 10 տոկոս քեզ կտամ, 15 տոկոս քեզ կտամ, որ մնաք բանում, քեզ կտամ Ազգային ժողովի նախագահ, նրան կտամ իրա ուզածը, որ Խաչատուր Սուքիասյանի հետ մի քիչ կարենա գոնե բիզնես անի, բայց եկեք ընդունենք, որ մարդ, որը թքած ունի ամեն ինչի վրա, ընտրության ժամանակ ինչ ուզենա կանի»:

Քառասունութ մլն դոլարի հատկացման հարցը, որին անդրադարձել ենք նաև մեր «ՀՔԾ-ն և իրավապահ այլ մարմիններ վերածվել են Փաշինյանի ու ներկայիս հանցավոր վարչախմբի քաղաքական կեղտոտ գործիքի» հրապարակմամբ , առանձին քննության խնդիր է: Այժմ անդրադառնանք 2018 թվականին, ըստ Համաշխարհային բանկի (ՀԲ) հաշվետվությունների, Ադրբեջանից Հայաստան 211 մլն ԱՄՆ դոլարի փոխանցման հարցին, որի վերաբերյալ համացանցում տեղեկություն տարածվեց դեռ այս տարեսկզբին:

Փոխանցում, որը ՀՀ կենտրոնական բանկը փորձել է ներկայացնել անհեթեթ բացատրությամբ ու դրանով իսկ, ըստ էության, կոծկել իրականությունը: Մեր հանրության շրջանում նշված փոխանցման փաստի հրապարակայնացումից, դրա հետ կապված հարցադրումներից ու սկանդալից, դրանից հետո, շատ հնարավոր է, ՀԲ-ին ուղղված ՀՀ իշխանության խնդրանքից հետո Համաշխարհային բանկը նույնպես փորձել է կոծկել իրականությունը: Ավելին. Համաշխարհային բանկը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի տեղեկացմամբ, փետրվարի 24-ից սկսած, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ դրամական փոխանցումների վերաբերյալ տվյալները հեռացրել է իր տվյալների շտեմարանից:

ԱԺ-ում հայտարարությունների ժամին Արմեն Եղիազարյանը հայտնեց, որ ինքը վերոնշյալ փոխանցման կապակցությամբ կատարել է որոշակի ուսումնասիրություն:

«Կարող եմ հաստատել, որ լուրը և այդ հաշվետվությունն իրականում Համաշխարհային բանկի պաշտոնական կայքում առկա էին,- ասաց պատգամավորը:- Համաձայն Համաշխարհային բանկի 2019 թվականի հոկտեմբերի հաշվետվության, 2018 թվականին Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել 211 մլն դոլար, համեմատության համար նշեմ, որ ըստ 2018 թվականի հաշվետվության, 2017 թվականին Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել 7 մլն դոլար»:

Եղիազարյանը տեղեկացրեց, որ ինքն այդ կապակցությամբ հարցում է ուղղել ՀՀ Կենտրոնական բանկին, ապա մեջբերեց ԿԲ-ի պատասխանից մի հատված.

«ՀՀ և Ադրբեջանի միջև դրամական փոխանցումների վերաբերյալ համացանցում շրջանառվող տեղեկությունը հիմնված է ոչ թե փաստացի կատարված փոխանցումների տվյալների, այլև Համաշխարհային բանկի փորձագետների ենթադրությունների վրա: Համաձայն հրապարակման մեջ առկա Համաշխարհային բանկի մեկնաբանությունների, միգրանտների վերաբերյալ տվյալները տարբեր երկրներում թերի են, իսկ հաշվարկների հիմքում ընկած են միգրանտների քանակների և վերջիններիս եկամուտների վերաբերյալ առկա տվյալներ: Այսպես, ըստ Համաշխարհային բանկի տվյալների, Հայաստանում առկա է Ադրբեջանից եկած 87 հազար միգրանտ, իսկ Ադրբեջանում Հայաստանից գնացած 146 հազար միգրանտ»:

Նախ, «ի գիտություն» ՀՀ կենտրոնական բանկի, Հայաստանի և Ադրբեջանի միջև դրամական փոխանցումների վերաբերյալ տեղեկությունը ոչ թե պարզապես համացանցում շրջանառվող տեղեկություն է, այլ հիմնված է ՀԲ-ի 2019թ. հոկտեմբերի հաշվետվության վրա: Երկրորդ. ի՞նչ է նշանակում, թե «շրջանառվող տեղեկությունը հիմնված է ոչ թե փաստացի կատարված փոխանցումների տվյալների, այլև Համաշխարհային բանկի փորձագետների ենթադրությունների վրա»: ՀԲ-ն անլո՞ւրջ կառույց է, և այն էլ` այդքա՞ն…

ԿԲ-ի պարոնայք կամ տիկնայք, Համաշխարհային բանկի հաշվետվության մեջ հստակ նշված էր 2018թ. Ադրբեջանից Հայաստան 211 մլն դոլարի փոխանցման մասին, ի՞նչ միգրանտ, ի՞նչ բան… Ի՞նչ կապ ունեն միգրանտները նման ահռելի գումարի փոխանցման հետ, Ադրբեջանը նրանց 211 մլն դոլա՞ր է տվել…

Պատգամավորը նշեց, որ ՀՀ կենտրոնական բանկի այս պարզաբանումն իր համար անընդունելի է (մեզ համար` նույնպես), «քանի որ եթե հենվենք իրենց տրամաբանության վրա, ապա այդ թվերը միշտ պետք է լինեն նույնը՝ հաշվի առնելով, որ հաշվարկի բազային արժեքները (87 հազար միգրանտ Հայաստանում և 146 հազար միգրանտ Ադրբեջանում.- Ա. Հ.) անփոփոխ թվեր են, մինչդեռ այս դեպքում, 2017 թվականի 7 միլիոնը, աճելով մոտ 30 անգամ, 2018 թվականին դարձել է 211 մլն դոլար»:

Եղիազարյանի հավաստմամբ, ՀՀ կենտրոնական բանկի և Համաշխարհային բանկի կողմից այդպես էլ չներկայացվեց, թե ինչի արդյունքում է 2018թ. Ադրբեջանից Հայաստան գրանցվել փոխանցումների ցուցանիշի այդպիսի աճ:

Եթե գումարների փոխանցման վերաբերյալ վերոնշյալ թվերը գումարենք իրար, կստացվի, որ Ադրբեջանից Հայաստան փոխանցվել է 389 մլն դոլար, իսկ պատկերացնո՞ւմ եք, թե դա ինչ գումար է, Իսաղուլյանի ասած թեկուզ 178 միլիոնի հետևանքները կարելի՞ է պատկերացնել…

 

Արթուր Հովհաննիսյան

Տեսանյութն` այստեղ