ԱՄՆ-ը հոգեբանական պատերազմ է սկսել Ռուսաստանի դեմ. ՌԴ ՊՆ

Արևմուտքն ԱՄՆ-ի գլխավորությամբ հոգեբանական պատերազմ է սկսել Ռուսաստանի դեմ, որի հետևանքներն անմիջապես ի հայտ չեն գա: Այս մասին Арсенал Отечества պարբերականին տված հարցազրույցում հայտարարել  է ՌԴ պաշտպանության նախարարի խորհրդական, երրորդ դասի պետական խորհրդական Անդրեյ Իլնիցկին, գրում է Взгляд հրատարակությունը:

Նա բացատրել է, որ Արևմուտքը խուսափում է Ռուսաստանի հետ անմիջական ռազմական առճակատումից, քանի որ վերջինս ունակ է իր միջուկային զենքով և ժամանակակից բանակով ահռելի վնաս հասցնել նրանց: Նախարարի խորհրդականի խոսքերով՝ Ռուսաստանի և Արևմտյան երկրների միջև ուղղակի ռազմական բախման հավանականությունը բացառվում է առաջիկա 10 տարվա ընթացքում:

Հենց այդ պատճառով է, ըստ Իլնիցկիի, Արևմուտքը Միացյալ Նահանգների ղեկավարությամբ սանձազերծել տեղեկատվական-հիբրիդային պատերազմ Ռուսաստանի դեմ:

«Այս ամենը հանգեցնում է նոր տիպի պատերազմի ի հայտ գալուն: Եթե դասական պատերազմներում նպատակը թշնամու կենդանի ուժի ոչնչացումն է, ժամանակակից կիբերպատերազմներում` թշնամու ենթակառուցվածքի ոչնչացումը, ապա նոր պատերազմի նպատակն է ոչնչացնել ինքնագիտակցությունը, փոխել թշնամու հասարակության մտավոր-քաղաքակրթական հիմքը: Ես պատերազմի այս տեսակը կանվանեի հոգեբանական»,-հայտարարել է Իլնիցկին:

Նա նշել է, որ եթե կենդանի ուժը և ենթակառուցվածքը հնարավոր է վերականգնել, ապա «գիտակցության էվոլյուցիայի ընթացքը չի կարող հետ շրջվել, հատկապես որ այս հոգեբանական պատերազմի հետևանքները անմիջապես ի հայտ չեն գալիս, այլ ամենաքիչը մեկ սերունդ հետո են երևում, երբ պարզապես անհնար կլինի ինչ-որ բան անել»:

Իլնիցկին պատմել է նաև, թե ինչպես պետք է դիմակայել հոգեբանական պատերազմին: Առաջնային միջոցառումների շարքում նա նշել է համացանցի ինքնիշխանություն ստեղծելը, քաղաքացիական և ուժային ոլորտներում տեղեկատվական հակազդման կադրերի պատրաստումը, երիտասարդական քաղաքականության վերագործարկումը, ակտիվ և լայն երկխոսության վերսկսումը պահպանողական մեծամասնության`ներկայիս իշխանության հենքային ընտրողի հետ: