Հունաստանն այսօր նշում է անկախության 200-ամյակը (տեսանյութ)

Այսօր Հունաստանի անկախության կամ Հունաստանի վերստեղծման ազգային օրն է (հուն․՝ Ημέρα της Ελληνικής Ανεξαρτησίας): Այս օրը հույները և ամբողջ աշխարհի ֆիլհելենները հարգանքի տուրք են մատուցում թուրքական լծի դեմ Հունաստանի ազգային-ազատագրական պայքարի ժամանակ զոհված մարտիկների հիշատակին։

Հունաստանի անկախության օրվա տոնախմբությունը համընկնում է հույն ուղղափառ եկեղեցու Ավետման տոնի նշման հետ։ Ըստ Գրիգորյան օրացույցի՝ այն նշվում է ամեն տարի մարտի 25-ին։

«Աշխարհն այս օրը հույն է դառնում` նշելու Հունաստանի անկախության 200-ամյակը՝ թուրքական լծի դեմ Հունաստանի անկախության պատերազմից հետո։ Երկրագնդի յուրաքանչյուր անկյունում, որտեղ ներկա են հունական սփյուռքի անդամներ, նշվում է այս տոնը: Բազմաթիվ երկրներում հայտնի հուշարձանները կլուսավորվեն կամ արդեն լուսավորվել են կապույտ և սպիտակ գույներով` ի պատիվ հույն ժողովրդի և 200 տարի առաջ նրանց ազատության պայքարի»: Այս մասին գրում է Greek Reporter-ը:

Այս կարևոր ամսաթիվը Հունաստանը նշում է մեծ շուքով։ Միջոցառումներին մասնակցելու համար արդեն Հունաստան են ժամանել մի շարք երկրների ու կառավարությունների ղեկավարներ։

Հունաստանում է նաև Բրիտանիայի արքայազն Չարլզը՝ կնոջ՝ Կամիլիայի հետ, ՌԴ վարչապետ Միշուստինը։

Պատմություն

1453 թ. մայիսի 29-ին թուրքերը գրավեցին Բյուզանդական կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը, որից հետո Հունաստանը վերջնականապես հաստատվեց որպես Օսմանյան կայսրության տիրույթ։ Չնայած այս հանգամանքին, հույների մի ստվար հատված հրաժարվեց ընդունել մուսուլմանական գերակայությունը։ Նրանք փախան լեռները և ստեղծեցին նոր բնակավայրեր Պելոպոնեսում, մասնավորապես՝ Մանի թերակղզում։ Վերջինիս բնակիչները համարվում են Հունաստանի ազգային-ազատագրական շարժման հիմնադիրները։

1821 թ. մարտի 25-ին Կալավրիտայի Սուրբ Լավրայի վանքից առաջին անգամ կոչ արվեց առաջնորդվել «ազատություն կամ մահ» կարգախոսով և միահամուռ պայքարել ընդդեմ բռնացող կառավարության։ Հենց այս ժամանակ էլ առաջին անգամ բարձրացվեց հունական հեղափոխության դրոշը, որը հետագայում՝ մինչև 1978 թ. դարձավ Հունաստանի  պետական դրոշը: Դրան հաջորդած ժամանակահատվածում հույները մի շարք հաղթական մարտեր են մղել ընդդեմ Օսմանյան կայսրության։ Հեղափոխության ութ տարիների ընթացքում մոբիլիզացվել է մոտ 100.000 զինվոր, իսկ մոտ 50 000-ը զոհվել են։

1829 թվականին Թուրքիան ստիպված է լինում ճանաչել Հունաստանի թագավորության անկախությունը։ Այն հաստատվում է սեպտեմբերի 2-ին կնքված Ադրիանապոլսի պայմանագրով։ 1830 թվականի փետրվարի 3-ին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանը ստորագրում են Լոնդոնի արձանագրությունը, որով Մեծ տերությունները ևս փաստացի ճանաչում են հունական պետականության անկախությունը։

Մարտի 25-ը Հունաստանում հայտարարվում է ազգային տոն։ 1838 թվականին առաջին անգամ կատարվում է անկախության օրվա տոնակատարություն։ Այս օրը Հունաստանի մայրաքաղաք Աթենքում տեղի է ունենում հանդիսավոր պատարագ։

Մայրաքաղաքի փողոցներում հավաքվում են հազարավոր քաղաքացիներ, իսկ Սինտագմա հրապարակում տեղի է ունենում հաղթահանդես և ռազմական շքերթ։

Տոնական միջոցառումներ տեղի են ունենում նաև Հունաստանի մյուս քաղաքներում՝ Սալոնիկում, Պատրասում, Հերակլիոնում և այլուր։