Ուզում եմ ներողություն խնդրել լրագրողական հանրույթից և հենց կոնկրետ Փայլակից. Հակոբ Արշակյան

Նախ ուզում եմ ասեմ, որ բոլորիդ շատ սիրում եմ, դուք գիտեք, որ ես միշտ փորձում եմ ձեր հարցերին մանրամասն պատասխանել և մեծ հարգանք ունեմ ցանկացած մասնագիտության, նաև լրագրության վերաբերյալ և շատ կարևորում եմ  ձեր պրոֆեսիոնալ գործունեությունը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, որը օրեր առաջ հայտնվել էր սկանդալի կիզակետում, երբ սրճարանում հարձակվել էր լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա, հարվածել նրան և վնասել համակարգիչը:

«Ես կատարված դեպքի հետ կապված ներողություն եմ խնդրել ականատես եղած քաղաքացիներից, աշխատակիցներից, հիմա ուզում եմ ներողություն խնդրել նաև հանրությունից, որոնք իրենց տեսադաշտում տեսել են այս դեպքը, ինչպես նաև լրագրողական հանրույթից և հենց կոնկրետ Փայլակից: Շատ կարևորելով ձեր պրոֆեսիոնալ մասնագիտական գործունեությունը, ես շատ լուրջ եմ վերաբերվում դրան և ցանկանում եմ, որ մենք բոլորս հենց այդպես վերաբերվենք»,-ասաց նա:

Հակոբ Արշակյանը այլ հարցերի չցանկացավ պատասխանել:

Հիշեցնենք՝ նշված դեպքը տեղի էր ունեցել մարտի 18-ին, Երևանի սրճարաններից մեկում, երբ նախարարը հարվածել էր լրագրող Փայլակ Ֆահրադյանին, վնասել նրա համակարգիչն ու հեռախոսը։