Ադրբեջանական ԶՈՒ-երը կատարել են ոչ միայն պատերազմական, այլև մարդկության դեմ ուղղված հանցագործություններ. ՄԻՊ

Ադրբեջանական զինված ուժերը կատարել են ոչ միայն պատերազմական, այլ նաև մարդկության դեմ ուղղված հանցագործություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«COVID-19-ի պայմաններում ադրբեջանական զինված հարձակումների պատճառով այս մահաբեր վիրուսն ունեցավ սրընթաց աճ ոչ միայն Արցախում, այլ նաև Հայաստանում:

Եթե պատերազմին նախորդած 7 ամսվա տվյալներով արձանագրվել է 951 մարդու մահ, ապա պատերազմի ընթացքում այդ թիվը հասել է 658-ի, իսկ պատերազմից հետո միայն կես ամսվա ընթացքում մահացել է 584 մարդ։

Դրանով ադրբեջանական զինված ուժերը կատարել են ոչ միայն պատերազմական, այլ նաև մարդկության դեմ ուղղված հանցագործություններ:

Տեղի են ունեցել կյանքի, առողջության պահպանման, արժանապատվության եւ մյուս իրավունքի կոպիտ խախտումներ:

Ուղիղ 1 տարի առաջ՝ 2020թ. մարտի 23-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը աշխարհին կոչ արեց COVID-19 համավարակով պայմանավորված հաստատել հրադադար` «մեր կյանքերի իրական պայքարի» վրա կենտրոնանալու համար։

Ադրբեջանական զինված հարձակումները սկսվեցին պատերազմի, ուժի բացառման միջազգային կոչերի, այդ թվում՝ COVID-19-ի ընթացքում պատերազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուղիղ պահանջի կոպիտ խախտմամբ:

Ակնհայտ էր, որ COVID-19 համաշխարհային պանդեմիայի ժամանակ հարձակումն էականորեն նպաստելու էր մարդասիրական աղետի:

Որեւէ երկրի առողջապահական համակարգ ի զորու չէ լայնածավալ պատերազմի պայմաններում դիմադրել այս մահաբեր վիրուսին:

ՀՀ եւ Արցախի մարդու իրավունքների պաշտպանների փաստահավաք աշխատանքները վկայում են հենց այս վիրուսի գլոբալ սահմանափակումներն օգտագործելով են Ադրբեջանի զինված ուժերը Արցախի եւ Հայաստանի բնակչությանը պատճառել զանգվածային մահեր եւ այլ տառապանքներ:

Մանրամասներն արտացոլված են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում»։