Դատարանը վարույթ է ընդունել Վազգեն Մանուկյանի վերաբերյալ քրեական գործը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի վերաբերյալ քրեական գործը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացել է Դատական-տեղեկատվական համակարգից:

Համակարգից տեղեկանում ենք, որ քրեական գործը դատավոր Վահե Միսակյանին մակագրվել է մարտի 17-ին, հաջորդ օրը դատարանը վարույթ է ընդունել քրեական գործը։

Հիշեցնենք՝ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը), և որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Մարտի 9-ին նրան առաջադրված մեղադրանքը լրացվել է՝ փետրվարի 26-ին Բաղրամյան պողոտայում անցկացված հանրահավաքի ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից հնչեցված կոչերով, որոնք, ըստ Քննչական կոմիտեի, ևս պարունակում են իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու բռնի կոչեր:

Վազգեն Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և այն համարում է քաղաքական հետապնդում։