Ղոչաղ կացեք. այս օր Ամենայն հայոց բանաստեղծի մահվան օրն է

ՂՈՉԱՂ ԿԱՑԵՔ, 1923 թ. այս օրն ասաց ամենայն հայոց բանաստեղծը և ննջեց:

1898 թ. մահացավ Թումանյանի հայրը` Ասլան աղան, որը ցնցեց բանաստեղծին: Հոր մահից յոթ տարի անց` 1904 թ. մայիսի 4-ին բանաստեղծը նամակ է գրում իր սիրելի Վարյա Խանդամիրյան. «Տարիներ առաջ, երբոր ես կարդում էի, մի անգամ, երբ հորս հետ այդ ձորերով Թիֆլիս էինք գալիս, հայրս ասավ. Օհանե՛ս, մի նայի՛ր էն ծառին, կարծես թե օքմին լինի էն ժայռի գլխին կանգնած։ Ես քեզ պետք է ասեմ, որ հորս շատ էի սիրում։ Երբ որ հայրս մեռավ, ամեն անգամ այդ ձորով անցնելիս՝ ես տեսնում էի այն մենակ ծառը, միշտ ժայռի գըլխին կանգնած, և կարծես թե հորս ձայնն էլ ապրում էր այն ձորում ու ամեն անգամ կանչում. նայի՛ր, Օհանես, էն ծառին նայիր, կարծես թե մենակ օքմին լինի ժայռի գլխին կանգնած։ Այժմ անցնելիս նայեցի և… այլևս չկար էն ծառը ու հետն էլ չկար այն հրաշալի պատրանքը՝ իմ հոր ձայնը: Երկուսն էլ կորել էին»: Հոր մահը Թումանյանի առաջին մեծագույն հարվածն էր:

1915 թ. սեպտեմբերի 16-ին դավադիր կրակոցից սպանվեց բանաստեղծի սիրելի եղբայրը` 44-ամյա Ռոստոմը: Նվարդ Թումանյանը հիշում է. «Սեպտեմբերի 17-ին ստացավ իր եղբոր` Ռոստոմի սպանության լուրը և երկու օրով գնաց Դսեղ: Վերադարձավ բոլորովին փոխված. մոտ երկու ամիս մնաց հիվանդ պառկած: Տխուր էր. ոչ ոքի չէր ընդունում, ոչինչ նրան չէր հանգստացնում. երեկոները խոսում էր եղբորից, հիշում էր Լոռում նրա հետ անցկացրած օրերը: Չէր կարողանում հաղթահարել վիշտը»:

Մի քանի ամիս անց` 1916 թ. ձմռանը սպանվում է բանաստեղծի կրտսեր եղբայր Արտաշեսը, որ ընդամենը 23 տարեկան էր:

1916 թ. մարտի 2-ին Հեղինե Մելիք-Հայկազյանին ուղղված նամակում բանաստեղծը գրում է. «Ճշմարիտ որ՝ էս վերջին մի քանի ամիսը սոսկալի ամիսներ եղան իմ կյանքում։ Առաջ Վան, հետո ամառն՝ Էջմիածին, նրանից հետո մի եղբորս սպանությունը, ապա մյուսի սպանությունը, տունը կատարյալ անտեր, միայն շփոթված սգավոր կանայք ու երեխաներ, մյուս եղբայրներս հեռավոր ֆրոնտներում կամ հիվանդանոցներում, տղերքս դես-դեն ցրված ու վտանգի տակ, տանը խմբերով հիվանդ, էն էլ ամիսներով, վերջապես հետն էլ էնպես պատմություններ, որ իսկի գրելու բաներ չեն-մի խոսքով էս վերջին ամիսները գնան ու ետ չգան:

Բայց, Հեղինե ջան, շատ ճիշտ ես նկատել, անպատմելի մի վիշտ է դարձել ինքը մայրս: Սրտիցը գիժ և իրար ետևից էսքան ցավ ու կրակ։ Փոքր եղբորս՝ օֆիցերի սպանվելը թաքցրինք, մարմինը Արխավեյից Թիֆլիս բերինք՝ հողին պահ տվինք. գյուղը չտարանք։ Որոշեցինք մորս մահից հետո տանել: Այժմ տանել, ցույց տալ կամ իմացնել էդ միևնույն է, թե նրան էլ գնդակահար անել, սպանել և կամ խելագարացնել, որ ավելի վատ է։ Բայց նա մի հատկություն ունի, որ նրանից բան թաքցնել չի լինում։ Նախազգացում ասեմ, նախատեսություն, թե պարզատեսություն. իր մոտիկներից որի հետ մի բան պատահի, որտեղ ուզում է լինի, նա արդեն վաղօրոք գիտի։ Երազի ձևով լինի, թե նախազգացումի-գիտի։ Ես էլ զուրկ չեմ էդ ընդունակոլթյունից և վերջին բոլոր մեզ հասած դժբախտությունները ոչ միայն օր առաջ գիտեի, այլև մերոնց ասել էի, թե էսպես բան պետք է պատահի, մինչև անգամ որոշ կարգադրություններ էի արել: Այժմ մայրս էլ հենց սպանելու օրից գիտի, որ Արտաշեսն սպանված է, շարունակ պնդում է, ապացույցներ է պահանջում, որ ցույց տանք, թե կենդանի է, և շատ դժվար է լինում խաբելը»:

1917 թ. նոյեմբերի 7-ին նա գրեց մահվան սարսափն զգացողի իր քառյակը. Քանի˜ մահ կա իմ սըրտում,

Թափուր գահ կա իմ սըրտում.

Չէ՞ դու էլ ես մահացու.

Մահի ահ կա իմ սըրտում:

Ասես գիտեր բանաստեղծը, որ այս քառյակը գրելուց մեկ տարի անց` 1918 թ. նոյեմբերի 23-ին Վանից նահանջելիս պիտի սպանվի 24 տարեկան ավագ որդին` Արտավազդը, որի մահը կազմալուծեց բանաստեղծի առողջությունը:

Թումանյանը, դժբախտաբար, տեսավ նաև մյուս եղբոր` Արշավիրի մահը, որը 1921 թ. մահացավ տիֆից:

1923 թ. այս օրը առավոտյան նա փակեց աչքերը` ասելով` ՂՈՉԱՂ ԿԱՑԵՔ: Երևի մոր նման կանխազգում էր այն, ինչի պիտի կատարվեր հետագայում:

1937 թ. Բերիայի հրամանով ձերբակալվեցին բանաստեղծի որդիները` Մուշեղ, Համլիկ և Արեգ Թումանյանները: Մուշեղը աքսորվեց Սիբիր և այնտեղ մահացավ 1938 թ., նույն թվականին գնդակահարվեց նաև Համլիկը, իսկ Արեգին գնդակահարեցին 1939 թ. օգոստոսին: Բանաստեղծի ազնվական տունն արական մասով սպառվեց:

Դաժան էր բանաստեղծի ճակատագիրը:

Դսեղում Թումանյաններին անվանում էին Ղուզղունանց ոչ միայն նրա համար, որ Մամիկոնյան են, որոնց զինանշանը արծիվն էր, այլ որ Մեհրապ Թումանյանն ապրել էր 120 տարի և այդ տոհմը հայտնի էր իր երկարակյացներով: Սակայն բանաստեղծի, նրա եղբայրների ու որդիների պարագայում, ցավոք, այդպես չեղավ:

Այս դեպքում միակ մխիթարանքը տիեզերական ճամփորդ բանաստեղծի անմահությունն է:

Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին.

Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին.

Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր,

Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին։

Աղբյուրը՝ Հայագիտարան Հայաստան