Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բացարկ հայտնեցին դատավորին և լքեցին դահլիճը. նիստը հետաձգվեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները լքեցին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթացող սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստը՝ ի նշան դժգոհության։ Պատճառը դատաքննության փուլ անցնելու դատարանի որոշումն էր։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանն ինքնաբացարկ հայտնեց մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանին։ Պաշտպանը նշեց, որ որոշ ժամանակ առաջ Բաղդասարյանը Ծաղկաձորում հանդիպել է «Իմ քայլը» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հետ (լուսանկարը տարածվել է համացանցում)։ Դատավորը հրաժարվեց քննել այդ միջնորդությունը։ Պաշտպանական կողմը կասկած հայտնեց, որ դատավորին նոր հրահանգ է իջեցվել։

Բաղդասարյանի և պաշտպանների միջև վիճաբանության ընթացքում դատախազը հայտարարեց․ «Գևորգ Բաղդասարյանը չի օգտագործվում, օգտագործում ա»։
Պաշտպանական կողմը նույնիսկ առաջարկեց հետաձգել այսօրվա նիստը մինչև ՍԴ-ի՝ 300․1 հոդվածի սահմանադրականության վերաբերյալ որոշման հրապարակումը։ Սակայն դատավոր Դանիբեկյանը թողեց դա առանց քննության։

Դատավոր Դանիբեկյանը նաև հետաձգեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու միջնորդության լուծումը մինչև վճռաբեկ բողոքի լուծումը և Սահմանադրական դատարանում՝ առաջին ատյանի դատարանի դիմումի հիման վրա գործի քննության ավարտը։

Նիստի ընթացքում դատարանը նաև սանկցիա կիրառեց նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ, որը փետրվարի 23-ին չի կարողացել ներկայանալ նիստին, քանի որ այդ օրը մասնակցում էր Վերաքննիչ քրեական դատարանի մեկ այլ նիստի։

Դատավորը որոշեց այլևս չքննել որևէ միջնորդություն և անցնել մեղադրական ճառի եզրափակիչ մասի ընթերցմանն ու դատաքննության փուլին։ Կարեն Մեժլումյանն ընդդիմացավ։

«Ձեզ ասել են՝ անցե՛ք դատաքննության։ Ամենաողջամիտ իրավիճակում դատարանը պիտի սպասեր՝ ՍԴ-ն ինչ որոշում է կայացնում, նոր շարունակեր, բայց չէ, դատարանը ափալ-թափալ անցնում է դատաքննության։ Ես ձեզ այդ հիմքով բացարկ եմ հայտնում, որովհետև ակնհայտորեն ուղղորդված եք գործում»,-հայտարարեց փաստաբան Կարեն Մեժլումյանը և ի նշան բողոքի՝ մյուս պաշտպանների հետ դուրս եկան դահլիճից։

Այս բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները լքեցին դատարանի դահլիճը, դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ առանց նրանց անհնար է նիստը շարունակել։

Հաջորդ նիստին դատարանը կքննարկի նրանց վարքագիծը։ Հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին։

Նշենք, որ զուգահեռ ՍԴ-ում քննվում է նաև ՍԴ-ն քննում է Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի՝ սահմանադրական կարգի տապալման սահմանադրականության հարցը։ ՀՀ սահմանադրական դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումների վերաբերյալ որոշում կայացնելու: Դիմումներն առնչվում են ՀՀ Քրեական Օրենսգրքի 300.1-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցին։ Որոշման հրապարակման օրն այս պահին հայտնի չէ։