Ցուցակը գլխավորելու հետ կապված հարցն ակնհայտ է, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն է. Մակունցը՝ արտահերթ ընտրությունների մասին

«Իմ քայլը» խմբակցությունը հակված է Ընտրական օրենսգրքում ամբողջապես, համամասնական համակարգին անցում կատարելու փոփոխություններն ընդունելուն և համամասնական ընտրակարգով արտահերթ ընտրություններին գնալուն: Դեռ քննարկումներ են ընթանում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Դիտարկմանը, թե ըստ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարության՝  Ընտրական օրենսգրքի փոփոխման դեպքում կփոխեն արտահերթին գնալու իրենց մտադրությունը, Մակունցն արձագանքեց՝ վերջնական պատասխան չի կարող տալ, քանի որ չգիտի, թե ինչ նկատի ունի Մարուքյանը:

Մակունցը չմանրամասնեց, թե ում հետ են լինելու քննարկումները և արդյոք այլ փոփոխություններ չեն սպասվում: «Այս պահին որևէ դրվագի մասով մեկնաբանություն չտամ: Ես հասկանում եմ՝ արտահերթ ընտրությունները շատ մոտ են և նաև ամբողջ դաշտը պետք է պատրաստ լինի դրան: Ես հույս եմ հայտնում, որ առաջիկայում որոշում կկայացվի նաև քննարկումների վերջնական ամփոփումը ստանալով: Փոփոխությունները պետք է առաջին հերթին ենթադրեն պարզեցում, որպեսզի ո՛չ ԿԸՀ-ի, ո՛չ դերակատարների համար դա խնդիր չլինի»:

Հարցին, թե  ո՞վ է գլխավորելու «Իմ քայլը» խմբակցության ցուցակը և արդյոք թեկնածուների մասով արդեն քննարկումներ եղել են, խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Ցուցակը գլխավորելու հետ կապված հարցն ակնհայտ է, այսինքն Նիկոլ Փաշինյանն է»:

Դիտարկմանը, թե վերջին շրջանում Փաշինյանը վարկաբեկված անձ է համարվում  և գուցե նրա գլխավորությամբ ընտրությունների գնալը սխալ է, Մակունցը պատասխանեց. «Ես խնդրում եմ վիրավորական մեկնաբանություններով հարցեր չուղղել ինձ և կոռեկտության սահմաններում մնալ»,-ասաց նա և լրագրողների մնացյալ  հարցերին չպատասխանելով նշեց, որ դադարեցնում է ճեպազրույցը: