Տաքսիստը մեքենայից կոպիտ ձևով դուրս է հրավիրել Արցախի բարբառով խոսող երկու կնոջ․ Ռուբեն Մելիքյան

Ներազգային ռասիզմը Հայաստանում հասել է մտահոգիչ չափերի։ Այս մասին այսօր՝ մարտի 22-ին, News.am-ի փոխանցմամբ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Երեկ ինձ դիմեց մի քաղաքացի և ներկայացրեց արժանահավատ տեղեկություններ և ես չեմ վախենա այդ երևույթն անվանել ներազգային ռասիզմ։ Երեկ երկու երիտասարդ կին «Յանդեքս» տաքսի են պատվիրել։ Օգտվելով այդ տաքսու ծառայություններից՝ մի կետից մյուսն են տեղափոխվել և ընթացքում մի հատվածն իրենց զրույցի խոսել են Արցախի բարբառով։ Տաքսիստը, դա նկատելով, անմիջապես կանգնել է և շատ կոպիտ ձևով, վատ խոսքեր օգտագործելով այդ մարդկանց դուրս է հրավիրել։ Ասել է՝ թողեք, գնացեք ձեր Ղարաբաղը։ Ես շատ մեղմ եմ ասում, շատ ավելի կոպիտ է արտահայտվել»,- պատմեց Ռուբեն Մելիքյանը։

Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ իրենք փորձել են «Յանդեքսի» միջոցով վարորդին բերել ներողություն խնդրելու համար, ինչին տաքսի ծառայությունը պատասխանել է, որ իրենք շատ ցավում են, և որ կատարվածը չի համապատասխանում որակի իրենց ստանդարտներին։

«Կարելի է շատ ցավալ այն բանի համար, որ վարորդը տհաճ երաժշտություն է միացրել, ծխում է, մեքենան նորմալ վիճակում չի գտնվում, այ դա որակի ստանդարտներին չի համապատասխանում։ Ո՞նց կարող է որակի ստանդարտներին չհամապատասախանող համարել այն, ինչ ես թվարկեցի, և ռասիզմը։ Հենց այս տաքսի ծառայության մասով էլ մենք զբաղվելու ենք, քանի որ նրանք պետք է ունենան հակառասիստական կանոններ»,- նշեց Մելիքյանը։

Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ այսօր Կենտրոնի ոստիկանական բաժանմունքում դեպքի առնչությամբ իրենք պատրաստվում են հաղորդում տալ ՔՕ իրավահավասարության խախտման հոդվածով։

«Մեր խնդիրն այդ թշվառ մարդուն՝ տաքսիստին, բանտ նստեցնելը չէ։ Ավելին՝ ես դեմ եմ լինելու, որ իր նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրվի։ Մեր նպատակն այն է, որ մարդիկ հասկանան, որ պատասխանատվությունն անխուսափելի է։

Այս երևույթը մեր իրականության մեջ ինչ-որ դրսևորումներ ունի տարբեր առիթներով, բայց մենք պետք է խոսենք այդ մասին։ Արցախահայերի նկատմամբ այս երևույթի տարածմանը նպաստում է նաև այդ դավաճան իշխանությունը։ Այս ներազգային ռասիզմի մասին մենք պետք է խոսենք, որպեսզի կարողանանք արմատախիլ անել։ Երբ արցախցիները ծայրահեղ փխրուն վիճակում են, այս դավաճան իշխանության պատճառով տուն են կորցրել, զոհեր և վիրավորներ ունեն, այս երեւույթն իրենից առավել մեծ այլանդակություն է ներկայացնում»,- ասաց Մելիքյանը։

Մելիքյանը կոչ արեց հասարակությանը ներազգային ռասիզմի հանդիպելու դեպքում անպայման արձագանքել․ «Խոսքը միայն արցախցիների նկատմամբ ռասիզմի մասին չէ։ Կարող է վերաբերել քաղաքին, մարզերին, կարևորը, որ այս երևույթն արմատախիլ արվի»։