Լեհերի 70 տոկոսը հրաժարվում է AstraZeneca-ով պատվաստվելուց

Լեհերի 70 տոկոսը հրաժարվում է կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութով պատվաստվելուց:

Ինչպես հաղորդում  է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել  Լեհաստանի վարչապետի գրասենյակի ղեկավար, պատվաստման հարցերով կառավարության լիազոր Միխալ Դվորչիկը:

Ավելի վաղ, դեղամիջոցների եվրոպական գործակալությունը (EMA) հայտնել էր, որ հետաքննում է այն հիվանդների հետ կապված միջադեպերը, որոնք պատվաստում են ստացել ԵՄ մի շարք երկրներում AstraZeneca պատվաստանյութի մի խմբաքանակից, և որոնց մոտ ավելի ուշ թրոմբոէմբոլիկ բարդություններ են գրանցվել:

Մի շարք ԵՄ երկրներ, այդ թվում՝ Ավստրիան, Էստոնիան, Լիտվան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Դանիան, Բուլղարիան, Նորվեգիան, Իսլանդիան, Սլովենիան, Կիպրոսը, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իսպանիան, դադարեցրել են AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը: Դրանից հետո EMA-ն հանդես է եկել դեղամիջոցի օգտագործումը շարունակելու առաջարկությամբ, որից հետո մի շարք երկրներ վերականգնել են դրանով պատվաստումը:

«Շաբաթ օրը պատվաստման մի շարք կետերում հրաժարվողների թիվը կազմել է 70 տոկոս»,- նշել է Դվորչիկը:

Միևնույն ժամանակ, նա հույս է հայտնել, որ դեղամիջոցների եվրոպական գործակալության վերջերս հնչեցրած դիրքորոշումը կազդի մարդկանց մտավախությունների վրա և նրանց կհամոզի համաձայնվել AstraZeneca դեղամիջոցով պատվաստման հարցում:

Վերջին տվյալներով Լեհաստանում, որտեղ բնակչությունը կազմում է շուրջ 38 մլն մարդ, ավելի քան 3,2 մլն պատվաստվել է առաջին, իսկ 1,8 մլն-ը՝ երկրորդ չափաքանակով: