Միջազգային լրագրողների մուտքի հարցը Արցախ լուծված չէ․ ֆոտոլրագրող Մաքս Սիվասլյան

Media.am-ը գրում է․«Ֆոտոլրագրող Մաքս Սիվասլյանը արցախյան պատերազմների վավերագրողներից է։ Նրա լուսանկարները՝ արված 1990-ականներին ու հետո արդեն 2016-ին, այն հարուստ արխվային պահոցն է, որը թույլ է տալիս պատկերացնել ժամանակը, մարդկանց՝ ծայրահեղ պայմաններում։

Նա ասում է, որ 2020-ի հայ-ադրբեջանական պատերազմը գրեթե չի տեսել, քանի որ պատերազմի առաջին օրերին բարդ էր տեղաշարժվելը, իսկ հետո արդեն կորոնավիրուսով վարակվելու պատճառով ստիպված եղավ ընդհատել աշխատանքը։

Բայց Մաքս Սիվասլյանը այսօր տեսնում է լուրջ խոչընդոտներ, որոնք առաջանում են Արցախ մեկնել ցանկացող միջազզային լրագրողների համար։

-2020-ի պատերազմը ի՞նչ հետք թողեց լրագրողների այսօրվա աշխատանքի վրա։

-Կարող եմ ասել, որ այս պատերազմը ես գրեթե չտեսա։ Առաջին շաբաթը, երբ Ստեփանակերտում էի, բոլոր լրագրողները հատուկ ստեղծված Մամուլի կենտրոնի վերահսկողության տակ էին։ Այսինքն, վերահսկողությունը բանակի ձեռքում էր։ Շատ բան արգելվում էր լրագրողներին։ Ես մի քանի անգամ փորձել եմ միայնակ գնալ Արցախի այն կետեր, որտեղ լարված իրավիճակ էր, բայց առաջին շաբաթվա ընթացքում չկարողացա դա անել, թեև բոլոր թույլատրված թղթերը ունեի։ Օրինակ, ոստիկանները և զինվորները թույլ չտվեցին մտնել Հադրութ։ Այն ժամանակ ոչ մի վտանգ չկար, բայց հենց հաջորդ օրը սկսվեցին կրակոցները Մարտակերտի, Մարտունու վրա, հետո երկու ֆրանսիացի լրագրող Le Monde թերթից ընկան կրակահերթի տակ և վիրավորվեցին։

Այնպես որ, չեմ կարող շատ խոսել այս պատերազմի մասին, քանի որ շատ բան չեմ տեսել։

Հիմա երբ պաշտոնապես պատերազմը ավարտվել է, լրագրողները մուտքը Արցախ նույնպես բարդ է։ Վերահսկողությունը ավելի՞ է խստացել։

-Իմ կարծիքով՝ հիմա շատ ուժեղ կոնտրոլ կա։ Վերջերս երեք ֆրանսիացի լրագրողներ տարբեր հեռուստաալիքներից՝ France24, ARTE, M6, չկարողացան մուտք գործել Արցախ:

Չկարողացան, թեև ունեին բոլոր թույլտվությունները, որոնք տվել էր Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունը, նաև Փարիզում Արցախի ներկայացչությունը։ Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով փետրվարի 22-ին եկան Երևան, ամսի 24-ին պիտի գնային Ստեփանակերտ՝ մեծ ռեպորտաժներ անելու, բայց չկարողացան։

Ինչո՞ւ։

-Հայաստանում Ղարաբաղի ներկայացուցչությունը ձգձգում էր վիզայի հարցը։ Ֆրանսիացի լրագրողները, որոնց ես պիտի ուղեկցեի Արցախ, նորից զանգեցին Ֆրանսիայի դեսպանին ու Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանին և ստացան պատասխան, որ երկու օրից այդ հարցը կլուծվի, նորից պետք է գալ՝ նոր վիզա ձևակերպելու։ Բայց չստացվեց։

Պիտի ասեմ, որ դա առաջին անգամ չէր, երբ ֆրանսիացի լրագրողներին թույլ չտվեցին գնալ Արցախ։

Փետրվարի առաջին օրերին ես ուղեկցում էի ֆրանսիացի լրագրողին՝ ամենախոշոր RadioFrance ալիքից։ Մենք հանգիստ անցանք առաջին անցակետը, որը վերահսկում էին հայ և ռուս զինվորները։ Նրանք պարզապես ուսումնասիրեցին ֆրանսիական անձնագրերը, լուսանկարեցին դրանք, տեսան, որ կա վիզա՝ տրված Ֆրանսիայում և թողեցին գնալ առաջ։ Իսկ արդեն երբ անցանք Աղավնո գետն ու հասանք մյուս անցակետին, զինվորներն այլևս փակեցին մեր առջև ճանապարհը։

Մենք զանգեցինք դեսպանատուն՝ հասկանալու համար, թե որն է պատճառը։ Բոլորը զարմացան, ու փորձեցինք պարզել, թե ինչ անել։ Ոչինչ չստացվեց։

Ասեմ, որ նույն ժամանակ, փակեցին մուտքը դեպի Արցախ նաև Լիոն քաղաքի նախկին քաղաքապետի առջև, որը լրագրող չէր, այլ եկել էր օգնություն հասցնելու։ Բայց քաղաքապետը հետագայում մի քանի օր սպասելով Գորիսում, այնուամենայնիվ գնաց Արցախ. Արցախի կառավարությունը նրա հետևից ավտոմեքենա ուղարկեց։ Եվ ֆրանսիացի ֆոտոլրագրողն էլ միացավ նրան։

Բայց դա փետրվարի առաջին օրերին էր։ Հետո որքան տեսանք, իրավիճակը ավելի խստացավ և նույն անցակետով այլևս չենք կարող անցնել։ Արդեն փետրվարի 26-ին պարզապես ասում են՝ ոչ, չի կարելի»։

Media.am-ը գրում է, որ Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը Media.am-ին ասաց, որ Արցախի Հանրապետության տարածք օտարերկրյա քաղաքացիների անարգել, անխոչընդոտ և անվտանգ մուտքի թույլատվության տրամադրման մեխանիզմը դեռ կատարելագործման փուլում է։ Ըստ Ներսիսյանի՝ այն դեպքերում, երբ արտասահմանցի լրագրողները սահմանված կարգի համաձայն դիմում և ստանում են մուտքի թույլատվություն և հավատարմագիր, գործնականում սահմանի վրա խնդիրների առաջացումը գրեթե բացառված է»։

Ամբողջական հոդվածը՝  հետևյալ հղմամբ