Ադրբեջանը խոստովանել է, որ մասնակցել է Հայաստանում 2018-ի իշխանափոխությանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն որոշակի դեր է խաղացել Հայաստանում 2018-ի գարնանը տեղի ունեցած  իշխանափոխության հարցում: Ադրբեջանի ղեկավարի խոսքերը մեջբերում է Minval-ը: Այս մասին գրում է lenta.ru-ն:

«Սերժ Սարգսյանի հանցավոր ռեժիմը Հայաստանում քաղաքական ասպարեզից հեռացնելու գործում կա մեր դերը: Ես չեմ ուզում խոսել այդ մասին և ուռճացնել մեր դերը: Ես կարող եմ միայն ասել, որ մեկուսացման քաղաքականությունը, որը մենք վարում ենք Հայաստանի հետ կապված, արդարացնում է իրեն»,- ասել է Ալիևը երկրի կառավարության նիստում:

Oxu.az- ի փոխանցմամբ՝ Ալիևը Հայաստանի նախկին իշխանություններին անվանել է «արյունախումների խունտա»: «Հայկական պետականությունն արդեն փլուզվել է: Միևնույն ժամանակ, արդարությունը հաղթել է, արյունախումների խունտան թողեց իշխանությունը»,- նշել է նա:

«Իմ ասածը կրկնում է հայ ժողովուրդը: Ես ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեցի, որ սա կոռումպացված խունտայի ռեժիմ է: Հիմա սա կրկնում է հայ ժողովուրդը: Ես ասացի, որ սա արնախում, գող, հանցավոր ռեժիմ է: Հիմա սա կրկնում է հայ ժողովուրդը: Հայաստանի տնտեսական ներուժը զրոյական է, նրանց հերոսները գողեր են, գեներալները՝ գողեր», – ասել է Ադրբեջանի նախագահը:

Ապրիլին Հայաստանը ներքաշվեց զանգվածային ցույցերի մեջ՝ ընդդեմ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում նշանակման: Ընդդիմությանը հաջողվեց հասնել նրան, որ Սարգսյանը լքի իր պաշտոնը, իսկ մայիսին Հայաստանի Ազգային ժողովը վարչապետ ընտրեց ցույցերի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին: