Կրկին Քովիդ-19-ից մահացածների դիահերձման և հուղարկավորության մասին

Փաստեր

  1. Չկա որևէ փաստ, որ Քովիդ-19-ից մահացած մարդու դիահերձումը վտանգ է ներկայացնում կորոնավիրուսի փոխանցման տեսանկյունից, եթե պահպանվում են համապատասխան հակահամաճարակային կանոնները, ինչպես այլ վարակների դեպքում:
  2. Փաստ է, որ կլինիկայում Քովիդ-19-ի փոխանցման վտանգը պացիենտից բուժաշխատողին անհամեմատ, բազմակի անգամ ավելի մեծ է, քան կարող է լինել դիահերձման ժամանակ:
  3. Չկա որևէ փաստ, որ Քովիդ-19-ից մահացած մարդու դիակը որևէ վտանգ է ներկայացնում հոգեհանգստի և թաղման կարգեր կատարելու համար:
  4. Փաստ է, որ մահացածների դիահերձման արգելումն անհիմն է, չի նպաստում բժշկագիտության զարգացմանը։

    Հարցեր

  5. Ինչո՞ւ առ այսօր չի վերանայվել դիահերձման արգելքը, երբ արդեն բավական տեղեկատվություն է կուտակվել Քովիդ-19-ի վերաբերյալ:
  6. Ինչո՞ւ է առ այսօր Քովիդ-19-ից մահացած մարդու դիակը հարազատներին տրվում փակ դագաղով՝ միայն թաղման օրը, և նրանք զրկվում են պատշաճ կերպով իրենց հանգուցյալի հոգեհանգստյան և թաղման կարգերը կատարելու, ինչպես նաև հրաժեշտ տալու հնարավորությունից:
  7. Որո՞նք են Քովիդ-19-ից մահացած մարդկանց դիահերձում չկատարելու և փակ դագաղով հուղարկավորելու իրական պատճառները:
  8. Որքա՞ն Քովիդ-19 ախտորոշում չունեցած, սակայն հիվանդությունը չբացառված մարդ է մահացել համավարակի սկզբից, որոնց հետագա դիահերձումը և թաղման արարողությունը տեղի է ունեցել առանց սահմանափակման:
  9. Ինչո՞ւ ավելի քան մեկ տարվա ընթացքում չեն կառուցվել անհրաժեշտ քանակի և պայմաններ ապահովող դիահերձարաններ։

    Արթնության կոչ պատկան մարմիններին

  10. Դադարեցրեք Քովիդ-19-ից մահացածների հարազատների նկատմամբ կիրառվող բարբարոսությունը:
  11. Թույլ տվեք նրանց հավուր պատշաճի սգալ իրենց հարազատի կորուստը և էլ ավելի մի ծանրացրեք նրանց վիշտը:
  12. Հանեք դիահերձման արգելքը և մի խոչընդոտեք բժշկագիտության զարգացմանը։

Հակահամաճարակային Ալյանս