Մենք մեր տնօրենի հետ համերաշխ ապրում էինք, ինչո՞ւ ամեն ինչ խառնեցիք. ո՞ւմ էր դա պետք, ինչ որ մեկի՞ն. ծերանոցի բնակիչ

«Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ծերանոցում բողոքի ակցիա է: Ծերանոցի բնակիչները դժգոհ են, որ ծերատան երկարամյա տնօրենն ազատվել է աշխատանքից, նաև դեմ են կառավարության որոշմանը, ըստ որի, միաձուլվում են ծերատները:

Լրագրողներին ծերանոցի նոր տնօրեն Մակարյանն ասաց, որ ծերատան նախկին տնօրեն Վահան Զուրաբյանն աշխատանքից ազատվել է պայմանագրի ժամկետի լրացման հիմքով, չի երկարաձգվել: Իսկ թե ինչո՞ւ չի երկարաձգվել, նշեց, որ չի կարող պատասխանել այդ հարցին:

Լրագրողի հարցին, թե նախկին տնօրենի հետ ազատման դիմումներ են գրել մոտ 20 աշխատակիցներ, տնօրենն հանդիպելո՞ւ է նրանց և հասկանա, թե որն է այդ քայլի պատճառը, վերջինս պատասխանեց, որ հանդիպելու  է բոլորի հետ, դառնալու են թիմ: «Ես չեմ եկել գլխատելու, ես եկել եմ լավի վրա լավը դնելու: Երբ նրանց հետ զրուցեմ ու հասկանամ, որ չեն ուզում իրենց տնօրենը լինեմ, կհրաժարվեմ, ես հանուն տարեցների՝ ամեն ինչի պատրաստ եմ»:

Մակարյանի խոսքով, մինչ այժմ աշխատում էր բանկում, դրանից առաջ աշխատել է տարբեր պետական ոլորտներում: Ծերանոցի տնօրենի պաշտոնում նշանակվել է ժամկետային աշխատանքային պայմանագրով մինչև սահմանված կարգով մրցույթի անցկացումը:

Ինչ վերաբերում է ծերատների միաձուլմանը, նա նշեց, որ այդ գործընթացից տեղյակ չէ.

«Բայց եթե նույնիսկ կա նման բան, ընդամենը մի բան գիտեմ՝ պետությունը վարում է  իր օպտիմալացման քաղաքականությունը, ոչինչ առանց նպատակահարմարության չի լինում»։

Ծերանոցի բնակիչներից մեկն էլ նկատեց, որ շենքը ծախել են, ծերանոցները միացնում են. «Օպտիմալացումը ո՞րն է»:

Ծերանոցի բուժկետի պատասխանտուն ընդգծեց, որ երեկվանից հացադուլ հայտարարած խնամյալներ ունեն և նրանք պահանջում են, որ նախկին տնօրենը հետ վերադառնա: Նա նաև հաստատեց, որ 20 աշխատակից հեռացել են նախկին տնօրենի հետ:

Բուժկետի պատասխանատուն նաև ասաց, որ գրեթե բոլոր խնամյալները՝ 200 հոգի, ունեն առողջական խնդիրներ:

Լրագրողների և ծերանոցի բնակիչների հետ հանդիպման եկավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը: Նա նախ ասաց, որ նախկին տնօրենի պաշտոնավարման ժամկետը լրացել է,  նշանակվել է նոր տնօրեն:

«Այլ պարզաբանում ակնկալելու կարիք չկա: Իրավական հիմքն այդպիսին է»,- ասաց փոխնախարարը:

«Մենք մեր տնօրենի հետ համերաշխ ապրում էինք, ինչո՞ւ ամեն ինչ խառնեցիք: Ո՞ւմ էր դա պետք, ինչ որ մեկի՞ն»,- հետաքրքրվեց մեկ այլ տարեց:

Ծերանոցների միավորման վերաբերյալ նա տեղեկացրեց, որ ՊՈԱԿ-ների իրավակազմակերպման ձևն է փոխվում, ոչ ոք չի պատրաստվում Նորքի շենքից բնակիչներին տեղափոխել այստեղ, այստեղից տանել մեկ այլ տեղ. «Ոչ մեկ, ոչ մի բան չի վաճառել»:

«Նախագիծը շրջանառվել է: Քանի որ մենք գնում ենք համայնքահեն ծառայությունների ներդրման, չի նշանակում, որ Նորքն ու Թիվ մեկը միաձուլման արդյունքում փակելու ենք, միավորելու ենք: Հիմա ստեղծելու ենք հավելյալ, նոր հերթերով պայմանավորված տատիկ-պապիկների համար համայնքահեն ծառայություններ՝ փոքր տների մոդել»,- ասաց Տ. Ստեփանյանը:

Նա նշեց, որ նախարարությունն այս պահին երեք տուն է առել: