Եվրոպայի խորհուրդն ափսոսանք է հայտնել Ստամբուլյան կոնվենցիայից Թուրքիայի դուրս գալու առնչությամբ

Եվրոպայի խորհուրդն ափսոսանք է հայտնել կանանց հանդեպ բռնության դեմ պայքարին ուղղված Ստամբուլյան կոնվենցիայից Թուրքիայի դուրս գալու կապակցությամբ և կոչ է անում Անկարային վերանայել իր որոշումը:

Ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը, համապատասխան հայտարարությունը տարածել են Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը, որը ներկայում նախագահում է Եվոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովում, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Հենդրիկ Դամսը:

«Թուրքիան առաջին երկիրն էր, որը 2012 թվականին վավերագրել էր կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեմ պայքարի և կանխարգելման մասին ԵԽ կոնվենցիան: Խորապես ցավում ենք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ այդ կոնվենցիայից դուրս գալու որոշման համար, որը մեծ աջակցություն էր վայելում բնակչության կողմից, իսկ հարցը խորհրդարանական քվերակության չի ներկայացվել: Կոնվենցիայից դուրս գալը թուրք կանանց կզրկի կենսական նշանակության պայքարի հնարավորությունից»,- ասվում է հայտարարության մեջ:

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչն ավելի վաղ նույնպես քննադատել էր թուրքական իշխանությունների որոշումը: Նրա խոսքով՝ դա հետքայլ էր և ափսոսանք է առաջացնում, քանի որ «խախտում է կանանց պաշտպանությունը Թուրքիայում, Եվրոպայում և դրա սահմաններից դուրս»: