Հրդեհ «Յաշկինո» հրուշակեղենի ներմուծման պահեստում․ Այրվել է մոտ 200 խմ հրուշակեղեն

Մարտի 21-ին, ժամը 15։31-ին «ՍՕՍ Գեոռիթմ» հակահրդեհային ազդարարման համակարգով ահազանգ է ստացվել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ Երևանի Րաֆֆու 111 հասցեում գտնվող «Յաշկինո» հրուշակեղենի ներմուծման պահեստից։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել «Յաշկինո» հրուշակեղենի ներմուծման պահեստում՝ մոտ 600 քմ տարածքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։58-ին, մարվել՝ 18։08-ին։ Այրվել է մոտ 200 խմ հրուշակեղեն։