Պաշտպանության նախարարն ասաց, որ պետք է լքենք դիրքերը, որ պետք է թողնենք արյան գնով պահվածը. Քաջարանի համայնքապետ

Մենք մեր պարտքն ենք կատարել: Այսօր «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ են արել Սյունիքի ինքնապաշտպանական խմբերը։ Լրագրողը հիշեցրեց, որ իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանը ասել է, թե ինքնապաշտպանական խմբերը թիկունքում են եղել։

«Ինչ վերաբերում է Արմեն Խաչատրյանին, ապա նա շատ իզուր է նման բան ասել։ Ես նրան պատերազմի ընթացքում տեսել եմ Գորիսում, երբ Փաշինյանն էր եկել։ Արմեն Խաչատրյանը համայնքապետարանում սուրճ է խմել, ի՞նչ պիտի տեսներ։ Այո՛, մենք ենք մեր ջոկատներով եղել առաջնագծում։ Այն ահռելի պատասխանատվությունը, որ եղավ Փաշինյանի հոկտեմբերի 17-ի հայտարարությունից հետո, մենք սկսեցինք գործողությունները։ Սյունիքի ինքնապաշտպանության կոչից հետո մենք Սյունիքի սահմանից մոտ 40 կմ անվտանգության զոնա ենք պահել, դա հեշտ չի եղել, կռվով ենք վերցրել»,- ներկայացրեց նա։

Մանվել Փարամազյանը նաև հիշեցրեց, որ դեկտեմբերի 17-ին պաշտպանության նախարարն այցելել է իրենց ու ասել, որ պետք է լքեն դիրքերը, որ պետք է  թողնեն արյան գնով պահվածը.

«Մենք ստիպված լքեցինք այդ դիրքերը, որովհետև ոչ մի փամփուշտ անգամ չենք ստացել, ասացին՝ չենք կարող տալ։ Մինչ օրս պետության կողմից ոչ մի աջակցություն չի եղել»։