Ընտրություններին էլ սյունեցին ցույց կտա իր նժդեհական կեցվածքը. Սյունիքի համայնքապետներ

«Վերածնվող Հայաստան» նորաստեղծ կուսակցության մամուլի ասուլիսին Սյունիքի համայանքապետներն անդրադարձան ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրությունների ընթացքում մարզերում, այդ թվում՝ Սյունիքում, ավելի շատ ձայն կհավաքի, քան Երևանում։

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը հայտարարեց․ «Որ ասում են՝ «Ուղտն իր սապատը չի տեսնում», հիմա իրենցն է։ Սյունիքը միշտ համախմբված է, չի կարող այլ կարծիք ունենալ։ Ցավ ենք ապրում Սյունիքի համար, ամեն անգամ Սյունիք մտնելիս Ադրբեջանի դրոշների տակով անցնելը սթրես է։ Ընտրություններին էլ սյունեցին ցույց կտա իր նժդեհական կեցվածքը»:

Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը նշեց․ «Մենք սյունեցի ենք, մեզ մոտ նամուսը, թասիբը առաջնահերթ են, և այդ առումով Ալեն Սիմոնյանի հարցին պատասխանելն իմ արժանապատվությունից ցածր եմ համարում՝ հաշվի առնելով իր նախկին գործունեությունը»։

Նրա խոսքով՝ եթե իրականություն դառնա Սիմոնյանի ասածը, թե նրանք մեծամասնություն են կազմելու, համայնքապետը կհամարի, որ չի ճանաչում իր ժողովրդին։ «Ես չեմ կարծում, որ իրենք ռիսկ կանեն վտանգավոր տարածքներով անցնել։ Իրենց տեսակը վտանգից փախչող է»,-նշեց նա։

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն էլ նշեց․ «Ես կարծում եմ՝ Ալեն Սիմոնյանի ասածը չարժե մեկնաբանել, ժամանակը ցույց կտա։ Կարծում եմ՝ սյունեցիներն արդեն ցույց են տվել իրենց վերաբերմունքը գործող իշխանության վերաբերյալ»։