Նիկոլը թող գլուխը պատեպատ տար, Հայաստանն ու մեր երկրի քաղաքացիները դրանից ոչ թե կտուժեին, այլ կշահեին…

Բոլոր նրանց, որոնք բարբաջում են, թե իշխանությունից Նիկոլի ու նրա վարչախմբի հեռացումը պետք է լինի միայն սահմանադրական ճանապարհով

 

Լևոն Տեր-Պետրոսյանը և բոլոր նրանք, որոնք բարբաջում են, թե իշխանությունից Նիկոլի ու նրա վարչախմբի հեռացումը պետք է լինի միայն սահմանադրական ճանապարհով, որ միակ լեգիտիմ ճանապարհը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, թող հիշեն, որ այդ նույն Նիկոլն ու նրա վարչախումբը «կատոկով» են անցել ՀՀ Սահմանադրության, սահմանադրական կարգի վրայով, և այն էլ` ոչ մեկ անգամ («Բումերանգի էֆեկտով» ամեն ինչ վերադառնալու է):

Այդպիսի թարմ դեպքերից մեկը Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկության և ՀՀ նախագահի հրամանագրի նախագծի ներկայացումն էր նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանին: Եվ սա` այն դեպքում, երբ ՀՀ Սահմանադրության 152-րդ հոդվածով («Վարչապետի և Կառավարության մյուս անդամների իրավասությունները») կամ որևէ այլ հոդվածով վարչապետին ընդհանրապես տրված չէ վերոնշյալ առաջարկությունն ու նախագիծը ներկայացնելու լիազորություն կամ իրավասություն:

Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, ԶՈւ գլխավոր շտաբի պետին «վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետով»: Համապատասխան օրենքով սահմանված ժամկետը 5 տարին է:

Ինչպես ակնհայտ է, ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնի առնչությամբ վարչապետի իրավասությունը անձին ԶՈւ գլխավոր շտաբի պետ միայն նշանակելու առաջարկություն ներկայացնելն է նախագահին, վարչապետը գլխավոր շտաբի պետին տվյալ պաշտոնից ազատելու առաջարկություն ներկայացնելու իրավասություն չունի, քանի որ վերջինս, Սահմանադրության և օրենքի համաձայն, նախագահի կողմից արդեն իսկ նշանակված է ԶՈւ գլխավոր շտաբի պետ 5 տարի ժամկետով (Օնիկ Գասպարյանի պարագայում այդ ժամկետը լրանում է 2025թ.):

Ընդգծում ենք, որ վարչապետից ԶՈւ գլխավոր շտաբի պետին զբաղեցրած պաշտոնից ազատելու առաջարկություն ստանալու դեպքում նույնիսկ, ՀՀ նախագահը Սահմանադրության կամ վերոնշյալ որևէ այլ հոդվածով ԶՈւ գլխավոր շտաբի պետին զբաղեցրած պաշտոնից ազատելու լիազորություն չունի:

Ճիշտ է, Սահմանադրության  133-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, «Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակում և ազատում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը», սակայն տվյալ դրույթը վերաբերվում է ոչ թե ԶՈւ գլխավոր շտաբի պետին, որի նշանակման վերաբերյալ` օրենքով սահմանված ժամկետով, առանձին հոդված (155-րդ հոդվածի 3-րդ մաս) կա Սահմանադրությունում, այլ ԶՈւ և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմի մյուս անդամներին:

Այն, որ նախագահը ԶՈւ գլխավոր շտաբի պետին զբաղեցրած պաշտոնից ազատելու լիազորություն չունի, հիմնավորվում է նաև ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1518 որոշմամբ: Ինչպես իր ֆեսբուքյան էջում գրել է  սահմանադրագետ Արամ Վարդևանյանը, «Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1518 որոշումը ամբողջությամբ բացահայտել էր Հանրապետության նախագահի լիազորությունները և դրանց ԾԱՎԱԼԸ։ Նշված որոշման 34-35-րդ էջերում ուղղակիորեն արձանագրված է.

ե) զինված ուժերի բնագավառում՝ զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը ՆՇԱՆԱԿԵԼԸ և ԱԶԱՏԵԼԸ, բարձրագույն զինվորական կոչումներ շնորհելը (Սահմանադրության 133-րդ հոդված) կամ Սահմանադրության

139-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված այլընտրանքային լիազորությունները,

ժ) զինված ուժերի ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻՆ ՆՇԱՆԱԿԵԼԸ (Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասություն) կամ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված այլընտրանքային լիազորությունները։

Այսինքն Սահմանադրական դատարանը մեկնաբանելով ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ այս հարցին սպառիչ անդրադարձ կատարել է և Հանրապետության նախագահը կարող է միայն ՆՇԱՆԱԿԵԼ Գլխավոր շտաբի պետին և չունի ԱԶԱՏԵԼՈւ լիազորություն։

Ավելին հենց Սահմանադրական դատարանը այդ որոշմամբ ուղղակիորեն ընդգծել է Սահմանադրության 155-րդ հոդվածի և 133-րդ հոդվածի ԱՌԱՆՁԻՆ ԱՎՏՈՆՈՄ ԲՆՈւՅԹԸ և դրանց նկատմամբ ԱՌԱՆՁԻՆ ԾԱՎԱԼՈՎ նախագահի լիազորությունները։

Գլխավոր շտաբի պետ Գեներալ Գնդապետ Օնիկ Գասպարյանին ԱԶԱՏԵԼՈւ առաջարկության լիազորություն առհասարակ նախատեսված չէ Սահմանադրությամբ հետևաբար այս գործընթացը որևէ իրավական հետևանք ՉՈւՆԻ»։

Նիկոլի կողմից Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու վերաբերյալ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնողին ներկայացված հակասահմանադրական հրամանագրի նախագիծն իրավական առումով ի սկզբանե առոչինչ է և անկախ նրանից, որ նախագահի պաշտոնը զբաղեցնողը չի դիմել ՍԴ, չի կարող իրավական որևէ հետևանք առաջացնել Օնիկ Գասպարյանի համար:

Ինչպես արդեն հայտնի է, ՀՀ վարչական դատարանը 17.03.2021թ.-ին բավարարվել է Օնիկ Գասպարյանի ներկայացրած հայցի ապահովման միջնորդությունը, որոշվել է` ձեռնարկել հայցի ապահովման միջոց՝ հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարման տեսքով, այն է՝ մինչև սույն գործով գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, ճանաչել ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ ՀՀ նախագահին արված առաջարկության հիման վրա նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈւ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը:

Ընդգծում ենք` Օնիկ Գասպարյանը եղել ու շարունակում է հանդիսանալ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, և Նիկոլը ու բոլոր նրանք, որոնք փորձում են ՀՀ Սահմանադրության, ինչպես նաև դատավորի ու դատարանի անկախության ոտնահարմամբ նրան նշված պաշտոնից հեռացնել, իրենց արդեն իսկ դուրս են դրել Սահմանադրությունից և օրենքից, թեև Նիկոլն իրեն Սահմանադրությունից և օրենքից մինչ այդ էլ դուրս դրել: Ընդգծենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը կամ նրա գրասենյակը Օնիկ Գասպարյանի ներկայացրած հայցի ապահովման միջնորդությունը բավարարած դատարանի որոշումը մեկնաբանելու լիազորություն կամ իրավունք չունեն, այն օրենքի ուժով ենթակա է պարտադիր կատարման, մասնավորապես, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից:

Եթե Վարչական դատարանի՝ Օնիկ Գասպարյանին վերաբերող միջանկյալ որոշման մասին իմանալով, Նիկոլն իսկապես կորցրել է ինքնատիրապետումը , նստել իրեն սպասարկող մեքենան ու կարգադրել է քշել, իր և իրեն ուղեկցող թիկնազորի մեքենաներով մարտի 18-ի գիշերը 1։30-ի սահմաններում սկսել պտտվել Մաշտոցի պողոտայով, վեր ու վար անել, ապա մեքենաների վառելիքն իզուր ծախսելու և բյուջեի փողերը քամուն տալու փոխարեն, թող գլուխը պատեպատ տար, կարծում եմ, Հայաստանն ու ու մեր երկրի քաղաքացիները դրանից ոչ թե կտուժեին, այլ կշահեին…

Ի դեպ, մինչ դատարանի կողմից հայցի ապահովման միջոց կիրառելու մասին Օնիկ Գասպարյանի փաստաբանների միջնորդությունը բավարարող որոշման կայացումը, քաղաքական պոռնկանոցի վերածված «Ազգային անվտանգության ծառայություն» կոչվածի աշխատակիցներն այցելել են Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին, փորձել մուտք գործել նրա աշխատասենյակ…

Կարելի՞ է ենթադրել, թե նրանք այդպես կվարվեին, եթե չլիներ «ԱԱԾ» կոչվածի տնօրեն Արմեն Աբազյանին ուղղված Նիկոլի պահանջ, ցուցում` դատավորին այցելելու և «մշակելու», որպեսզի վերոնշյալ որոշումը չկայացնի: Անկախ նրանից` եղե՞լ է այդպիսի պահանջ, թե ոչ, Նիկոլից բացի, վաղը պատասխանատվության առջև են կանգնելու նաև ԱԱԾ-ում նրա բոլոր քաղաքական կամակատարները, բոլոր օրինախախտները:

 

Արթուր Հովհաննիսյան