Մեզ մոտ երկու հարցադրում կա, որը թակարդի մեջ է գցել հանրության գիտակցությունը

Կեղծ հարցադրումների թակարդը

___

Մեզ մոտ երկու հարցադրում կա, որը թակարդի մեջ է գցել հանրության գիտակցությունը։ Ըստ դրանց մենք վատ ենք ապրում, որովհետև.

– ընտրությունները կեղծվում են,

– կա կոռուպցիա։

Վստահ եմ, շատերը սա կարդալով կմեղադրեն, որ ես կողմ եմ կոռուպցիային ու ընտրակեղծիքներին։ Մեղադրողները միշտ մի բան կգտնեն մեղադրելու համար, դա մի կողմ, հիմա ըստ էության։

Կոռուպցիան ու ընտրակեղծիքները կան շատ երկրներում, այդ թվում ամենաառաջավոր։ Հիշենք ԱՄՆ ընտրակեղծիքները, կամ 20-րդ դարի առաջին կեսում Անգլիայի ընտրությունները, երբ տեղամասերի դռների մոտ կանգնած թաղի տղերքը տփում էին “սխալ” քվեարկողներին՝ համատարած։ Նաև բացի մեխանիկական ընտրակեղծիքներից, ըստ իս, ավելի բիրտ կեղծիքը՝ պրոֆեսիոնալ մանիպուլյացիաները և հանրությանը թյուրիմացությունների մեջ գցելն է։ Իսկ դա արդեն արվեստի մակարդակի է բարձրացվել։

Օրինակները շատ են, բայց դրանք չեն խանգարում, որ այդ երկրները առաջ շարժվեն։

Հիմա կոռուպցիայի մասին, եթե մարդիկ իմանան, թե ինչ ծավալի ու թափի կոռուպցիա կա ԱՄՆ-ում ու Եվրոպայի բարեկեցիկ շատ երկրներում, կկորցնեն հավատը մարդկության հանդեպ, բայց այդ ամենն ամենավերին շերտերում է կատարվում, “փոքր” մարդը դա չի տեսնում։ Էլ չեմ խոսում արաբական միապետների և մեր ոխերիմ հարևանների մասին։

Նաև սխալ է այն պատկերացումը, որ կոռուպցիան խոչընդոտում է տնտեսական զարգացմանը, շատ դեպքերում ճիշտ հակառակն է, հենց կոռուպցիայի շնորհիվ են շատ երկրներ կարողացել ցարգանալ։ Մասնավորապես Հարավային Կորեան տոտալ ու դաժանագույն կոռուպցիայի շնորհիվ է կարողացել կայացնելը իր տնտեսությունը։ Նույնը Ճապոնիայի մասին, օրինակ, մինչ այժմ, եթե որևէ նախարարի օրոք տնտեսության համապատասխան ճյուղը զարգացել է, հետո պաշտոնաթող նախարարը կարող է դառնալ համապատասխան մասնավոր կորպորացիայի նախագահ, կամ բարձր պաշտոնյան։ Դա իր պարգևավճարն է լավ աշխատանքի համար։ Մեր տեսակետից դա կոռուպցիա է, բայց մեր հեղափոխական պարգևավճարների փոխարեն ճապոնացիները նման ձև են ընտրել կլանային տնտեսություն ունեցող այդ երկրում բարձր պաշտոնյաներին շահագրգռելու համար։ Կյանքն ունի իր օրենքները, կամ բարձր պաշտոնյաները գողանում են, կամ դրան փոխարինող որևէ օրինականացված մեխանիզմ է կառուցվում։

Կարճ՝ ընտրությունները մեխանիկական պրոցես է, որի վրա մենք սևեռվել ենք, սակայն ընտրությունների բովանդակությունը մեզ չի հետաքրքրում՝ այսինքն առաջարկվող (կամ չառաջարկվոց) ապագայի նախագծերը։

Նույնը կոռուպցիան, որին պետք է տալ աշխատանքի խրախուսման լեգիտիմ տեսք, անգամ եթե դա կոռուպցիա հիշեցնի՝ խաղի կանոններն է պետք հստակեցվի։

Մենք երկիր ենք կորցնում, իսկ մարդիկ քննարկում են կոռուպցիայի և ընտրությունների ընթակարգերն, մնալով 30 տարվա մտածողության թակարդի մեջ, առանց բովանդակային խնդիրների մասին խոսելու։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից