Խորհրդարանական կառավարման ձևն իրեն սպառել է, ավելին, այս պահն այն չարիք է. Գոռ Գևորգյան (տեսանյութ)

«Եթե  Հայաստանը համարվում է խորհրդարանական հանրապետություն, ապա ժամանակը չէ՞ այստեղ ամրագրենք, որ մեր խորհրդարանը, որպես այդպիսին, չի հանդիսանում ՀՀ-ում առանցքային որոշումներ կայացնելու հարցում ամենաառաջնահերթ ամբիոնը»,- ԱԺ այսօրվա արտահերթ նիստում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին դիմեց անկախ պատգամավոր Գոռ Գևորգյանը:

Պատգամավորը հայտարարեց, թե ակնկալում էր, որ անհասկանալի հրատապությամբ հրավիրված արտահերթ նիստի բացման խոսքը ԱԺ նախագահինը պետք է լիներ և նա պետք է հանրությանը տեղեկացներ, որ անցած օրը դարակազմիկ հայտարարությամբ են հանդես եկել՝ ի վերջո օր սահմանելով արտահերթ ընտրությունների անցկացման համար:

Ըստ պատգամավորի՝ արտահերթ ընտրությունները՝ որպես ձևաչափ, ՀՀ-ում կուտակված խորքային խնդիրները լուծելու համար անքննելի իրողություն են, որն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ:

Գոռ Գևորգյանի կարծիքով, մի քանի առանցքային հարցեր կան, որոնք պետք է լինեին արտահերթ նստաշրջանի օրակարգում՝ երկրի անվտանգային հիմնախնդիրները և գալիք արտահերթ ընտրությունների ձևաչափը:

«Պարոն Միրզոյան, ես կարծում եմ, պետք է ասել, որ խորհրդարանական կառավարման ձևն իրեն սպառել է, ավելին, այս պահի դրությամբ այն չարիք է հանդիսանում, և ժամանակն է, որ շատ հստակ, արտահերթ ընտրություններից առաջ խոսենք կառավարման ձևը փոխելու մասին»,- հայտարարեց պատգամավորը և կարծիք հայտնեց, որ Հայաստանում նախագահական կառավարումը կլինի առավել արդարացված:

Մանրամասները՝ տեսանյութում