Արցախյան վերջին պատերազմի ֆոնին էթնիկ ատելություն սերմանելու համար Սանկտ Պետերբուրգում 2 քրգործ է հարուցվել

2020 թվականին Սանկտ Պետերբուրգում էթնիկական ատելություն սերմանելու համար երկու քրեական գործ է հարուցվել:

Այս մասին հայտարարել է Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի միգրացիայի հարցերով վարչության ղեկավարի պաշտոնակատար Դմիտրի Բարանովը քաղաքային խորհրդարանի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ, գրում է Красная Весна-ն:
Բարանովը մանրամասնել է, որ Արցախյան վերջին պատերազմի ընթացքում հայկական և ադրբեջանական համայնքների հետ քրտնաջան աշխատանք է տարվել:
«Ընդհանուր առմամբ, մենք երկու քրեական գործ ենք հարուցել ՌԴ քրեական օրենսգրքի 282 հոդվածի հատկանիշներով, այն է՝ էթնիկական ատելության հրահրում: Սա այն ժամանակ, երբ հենց սկզբում մի համայնքի ներկայուցիչներից մեկը սկսել էր բռնություն գործադրելու կոչ անել մյուսի նկատմամբ», – ասել է նա:

Միևնույն ժամանակ, օպերատիվ միջոցառումների շրջանակներում բերման է ենթարկվել երկու անձ, որոնք հրահրել են Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի համայնքների ներկայացուցիչների միջէթնիկական միջադեպերը:

«Մենք թույլ չենք տվել իրականացնել հետագա բախումներ և ազգամիջյան ատելություն սերմանել»,- ընդգծել է Բարանովը: