Ռուսաստանը և Թուրքիան վարում են ակտիվ հիբրիդային պատերազմ․ Նաիրի Հոխիկյան

Ռուսաստանը և Թուրքիան վարում են ակտիվ հիբրիդային պատերազմ․

Սիրիայում թուրքական 20 «Բայրաքթար» աթս-ները մարտի 10-ին հարձակվել են ռուսական «Պանցիր-C1» զենիթահրթիռային-հրանոթային համալիրի վրա, փորձել շարքից հանել ռուսական զինտեխնիկան։ Տևական բախման հետևանքով ռուսական «Պանցիր»-ներից մեկը վնասվել է, ինչը թուրք ռազմական փորձագետ Էնես Քայը համարել է թուրքական ռազմական արդյունաբերության հաղթանակ ռուսների նկատմամբ։

Ի պատասխան, արդեն մարտի 14-ին ռուսական կողմը հայտարարել է գերբարձր հաճախականության թնդանոթի մասին, որը կկարողանա խոցել թուրքական անօդաչուները մինչև 20 կմ հեռավորության վրա։ Ռուսական «Պանցիր»-ի արդյունավետ հեռավորությունը շուրջ 5 կմ է, մինչդեռ թուրքական «Բայրաքթար»-ը կարող է թռչել մինչև 8կմ բարձրությունում։

ՌԴ-ն իր նոր՝ գերբարձր հաճախականության զենքը պատրաստվում է լայն վաճառքի հանել 2025-ից, բայց խոստանում է ավելի վաղ տրամադրել իր դաշնակիցներին։

Սիրիայում, Իրաքում, Լիբիայում և Ուկրաինայում միջնորդավորված պատերազմը Թուրքիայի և Ռուսաստանի միջև դեռևս արտահայտվում է զենքերի փորձարկման, միմյանց ռազմական արդյունաբերության հաջողությունները ոչնչացնելու, չեզոքացնելու քայլերով։

Մենք պարտավոր ենք զգոն կերպով հետևել և հասկանալ, թե 2020-ի պատերազմից հետո Արցախում պատերազմելու ինչ ձևեր կընտրեն տարածաշրջանային թշնամիները։ Ռուսաստանի և Թուրքիայի միջև պատերազմը երբևէ չի ավարտվել, թեպետ նրանք պարբերաբար խոսում են միմյանց սիրահետելու բառապաշարով։

Նաիրի Հոխիկյան