Լատվիայի արվեստագետներն Ադրբեջանին կոչ են անում արագացնել զոհերի մարմինների և հայ գերիների վերադարձը

Լատվիայի  հայտնի արվեստագետները, մտավորականներն ու մշակութային գործիչները հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ է արվում Ադրբեջանին արագացնել զոհերի մարմինների և ռազմագերիների ու գերեվարված անձանց վերադարձը Հայաստան: Այս մասին հայտնեցին Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի դեսպանությունից:

Հայտարարությունում, մասնավորապես, ասված է.

«Մենք, Լատվիայի Հանրապետության արվեստագետներս, մտավորականներս ու մշակութային գործիչներս, հավատալով մարդկային արժեքների կարևորությանը և միանալով մեր լիտվացի գործընկերներին, կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին չխոչընդոտել ռազմագերիների և գերու կարգավիճակում պահվող այլ անձանց, ինչպես նաև վերջին Ղարաբաղյան պատերազմին ռազմական գործողությունների ժամանակ սպանված և զոհված զինվորների մարմինների անհապաղ վերադարձին Հայաստանի Հանրապետություն: Մեր տեղեկություններով՝ Հայաստանն արդեն վերադարձրել է Ադրբեջանի բոլոր ռազմագերիներին:

Համոզված ենք, որ բոլոր ռազմագերիների առանց նախապայմանների և անհապաղ վերադարձը Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև փոխվստահության վերականգնման համար անհրաժեշտ առաջնային քայլերից մեկն է:

Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը միանալու այս մարդասիրական նախաձեռնությանը՝ դրանով իսկ օգնելով վերջին պատերազմի պատճառով Լեռնային Ղարաբաղում (Արցախ) հումանիտար աղետի հաղթահարմանը»: