Քննիչ հանձաժողովի մասին Սերգեյ Բագրատյանի նախագիծը դրական եզրակացություն չստացավ

ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովում քննարկվեց ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հեղինակած «ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը:

Պատգամավորը ներկայացրեց, որ նախագծի նպատակը քննիչ հանձնաժողովի արդյունավետությունը բարձրացնելն է։ «Այն կառավարության անդամները, որոնք պետք է անհարգելի բացակայեն քննիչ հանձնաժողվի հարցերին պատասխանելուց, քննարկումներից, հիմնավոր պարզաբանումներ տալուց, կառավարության այդ անդամներին՝ քննիչ հանձնաժողովի եզրակացության ուժով կարող են անվստահության հարց բարձրացնել ԱԺ լիագումար հերթական նիստին»,–ասաց նա։

Սերգեյ Բագրատյանը նշեց, որ քննիչ հանձնաժողովը հանդիսանում է ընդդիմության գործիքը և սրանով ուժեղացվում են նրա լիազորություննները։

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ներկայացրեց, որ նախագծում տրվող լուծումը այլ ձևակերպումներով առկա է, և նշեց` գտնում է, որ պետք է ձեռնպահ մնալ այս նախագծի ընդունումից։ «Իմ քայլը» խմբակցության մյուս պատգամավորները ևս գտնում էին, որ նախատեսվող հարցի լուծման հնարավորությունը ներկայումս էլ կա, պարզապես` ոչ ֆորմալ։

ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց՝ թեև ձեռնպահ է մնում և կողմ չի քվեարկելու, այնուամենայնիվ նկատեց, որ նախագիծը ուղղված է նախարարների կողմից պատշաճ վերաբերմունք ապահովելուն։ «Այս նախագիծը հիմնականում հետապնդում է ինքնագոհ, անսանձ և ինքնասիրահարված նախարարներին զսպաշապիկ հագցնելու նպատակ»։

Իր եզրափակիչ խոսքում Սերգեյ Բագրատյանը կոչ արեց ուժեղացնել քննիչ հանձնաժողովի աշխատանքը, քանի որ ոչ մի իշխանություն հավերժ չէ, և ոչ մի ընդդիմություն հավերժ չէ։

«Այս օրենքը մի քայլ առաջ է, որ քննիչ հանձաժողովին անատամությունից գոնե մի ատամ տալիս է։ Ուժեղացրեք ինստիտուտները, խիզախ, համարձակ մոտեցեք, փոփոխություններից մի վախեցեք, որովհետև վաղը, մյուս օրը, ընտրությունից հետո այս խնդիրները ձեր դուռն էլ են գալու»,–ասաց նա։

Այսպիսով նախագիծը դրվեց քվեարկության և չարժանացավ դրական եզրակացության, քանի որ կողմ էր զրո պատգամավոր, չորսը ձեռնպահ էին, ևս չորսը՝ դեմ, հետևաբար այն չի ներկայացվելու ԱԺ լիագումար նիստի քննարկմանը։