Գևորգ Կոստանյանը՝ Դատախազության հայտարարության մասին

Եթե Գլխավոր դատախազության մեկնաբանությունը թարգմանվի անգլերեն և տրվի Ինտերպոլին, դա ՀՀ իշխանությունների համար կլինի երկրորդ նվաստացումը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազության այն հայտարարությանը, թե ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը խեղաթյուրել է Ինտերպոլի լիազորությունների շրջանակում կոնկրետ գործին առնչվող հանգամանքները և փորձել է հրամցնել իրականությունից էականորեն շեղվող տեղեկություններ։

Հիշեցնենք՝ Թագուհի Թովմասյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի գործը Ինտերպոլը համարել է քաղաքական և հրաժարվել է մեր երկրի հետ համագործակցելուց։

«Դատախազության պատասխանը գրողը չգիտի՝ ինչ է Ինտերպոլը, և չի պատկերացնում Ինտերպոլի ընթացակարգերը։ Ընթացակարգը հետևյալն է՝ երբ որևէ երկիր միջազգային հետախուզում է հայտարարում, Ինտերպոլի գլխավոր քարտուղարության իրավական հարցերով հանձնաժողովը հավաքում է նյութեր, պետություններից պահանջում է փաստաթղթեր, հիմնավորումներ, և դրանց հիման վրա որոշում է՝ եթե այդ մեղադրանքն իր բնույթով քաղաքական, կրոնական կամ ռասայական չէ, այդ դեպքում հետախուզում է հայտարարում տվյալ անձի նկատմամբ»,-ասաց նա։

Կոստանյանն ընդգծեց՝ եթե Ինտերպոլի գլխավոր քարտուղարության իրավական հանձնաժողովը այդ բոլոր ներկայացված հիմքերն ուսումնասիրելու արդյունքում գալիս է այն եզրակացության, որ ներկայացված փաստերը, փաստաթղթերը, հիմնավորումները բավարար չեն և քաղաքական բնույթի են, մերժում է հետախուզումը։  «Իսկ իմ դեպքում ոչ միայն հետախուզում հայտարարելն է մերժել, այլև ասել է, որ այս հարցով չի համագործակցելու, և տեղեկատվության բազաներից իմ անունն ընդհանրապես հանել է»,- հավելեց Կոստանյանը՝ նշելով, որ Դատախազությունը պարզապես ասում է՝ սա առաջին դեպքը չէ, սենսացիա չէ։