Թուրքիան բողոքի նոտա է հղել Հունաստանին, Իսրայելին և ԵՄ-ին

Թուրքիան բողոքի նոտա է հղել 2000 մեգավատ հզորությամբ ստորջրյա էլեկտրական մալուխ կառուցելու մասին Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի միջև կնքված համաձայնագրի դեմ: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Նշվում է, որ Թուրքիան պաշտոնապես բողոքել է համաձայնագրի դեմ՝ պնդելով, որ մալուխի երթուղին, որը, ինչպես նախատեսվում է, կֆինանսավորվի ԵՄ-ի կողմից, «անցնում է Թուրքիայի տարածքային ջրերով»: Անկարայում հույն, իսրայելցի և եվրոպացի դիվանագետներին ներկայացված նոտաներում Թուրքիայի պաշտոնյաները նաև հայտարարել են, որ երեք երկրներին «անհրաժեշտ է Թուրքիայի հավանությունը՝ նախքան տեխնիկատնտեսական հիմնավորում ստանալը»։

Անցյալ շաբաթ երեք երկիր համաձայնության է եկել ստորջրյա մալուխի կառուցման թույլտվություն ստանալու համար ուսումնասիրություններ կատարելու և հաստատումները արագացնելու ու էլեկտրաէներգիայի ոլորտում համապատասխան ազգային կարգավորիչների հետ համակարգելու շուրջ:

Իսրայելը, Հունաստանը և Կիպրոսը մտադիր են 6 միլիարդ դոլար արժողությամբ ստորջրյա խողովակաշար կառուցել՝ Միջերկրական ծովի հարավ-արևելքում նոր ծովային հանքավայրերից գազը մայրցամաքային Եվրոպա տեղափոխելու համար՝ շրջանցելով Թուրքիան:

Նախորդ շաբաթ Իսրայելը, Հունաստանը և Կիպրոսը նաև համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրել, ինչը վկայում է երեք երկրների միջև համագործակցության ընդլայնման մասին: