Հայաստանը որոշել է այս փուլում չմերժել «Novavax» ընկերության պատվաստանյութը

Կայացել է «Իմունականխարգելման հարցերով հանրապետական խորհրդատվական փորձագիտական հանձնաժողովի» հերթական նիստը: Հանձնաժողովի անդամներից բացի՝ նիստին մասնակցել են նաև բժշկական կրթական և գիտահետազոտական կազմակերպությունների գիտնականներ, ճանաչված մասնագետներ, այդ թվում՝ հայազգի միջազգային փորձագետներ:

ՀՀ ԱՆ տեղեկացմամբ, հանձնաժողովը քննարկել է COVAX FASILITY նախաձեռնության շրջանակներում առաջարկվող Novavax պատվաստանյութը, ինչպես նաև AstraZeneca պատվաստանյութի վերաբերյալ լրահոսում հայտնված տեղեկատվությունը, մասնավորապես՝ Էստոնիայում և Լիտվիայում AstraZeneca-ով պատվաստումների դադարեցման և խմբաքանակի հետկանչման վերաբերյալ:

Անդրադառնալով «COVAX FACILTY» նախաձեռնության շրջանակներում Novavax պատվաստանյութի վերաբերյալ առաջին պատուհանի առաջարկությանը՝ հանձնաժողովը որոշել է այս փուլում չմերժել «Novavax» ընկերության պատվաստանյութը: Այն կիրառելի է 18 տարեկան և բարձր տարիքի անձանց համար, 2 դեղաչափ սխեմայով, 21 օր ընդմիջումով, 1 դեղաչափը՝ 0.5մլ, պահպանումը՝ 2-8°C ջերմաստիճանային պայմաններում, արդյունավետությունը` 89.3% է [95% CI 75.2 to 95.4]:

Ինչ վերաբերում է AstraZeneca պատվաստանյութի վերաբերյալ լրահոսում հայտնված տեղեկատվությանը, ապա միջազգային փորձագետները քննարկման ընթացքում նշել են, որ  շատ դեպքերում տեղեկատվությունը հանրայնացվում է առանց պատճառահետևանքային կապի գնահատման և թյուր կարծիք ձևավորում հանրության շրջանում: Միաժամանակ ընդգծվել է, որ համաձայն Եվրոպական բժշկական գործակալության հայտարարության՝ արձանագրված մահվան դեպքերը չունեն պատճառահետևանքային կապ պատվաստումների հետ:

Միջազգային փորձագետների կողմից ևս մեկ անգամ շեշտադրվել է, որ ներկա փուլում COVID-19-ի դեմ առկա բոլոր պատվաստանյութերը պաշտպանում են հիվանդության ծանր ձևերից, նվազեցնում են մահացությունը և կրճատում հոսպիտալացումը:

Հանձնաժողովի նիստին մասնակցած փորձագետներ.

Կիմ Հեքիմյան՝ Կոլումբիայի համալսարանի Սնուցումը մանկաբուժությունում ամբիոնի դասախոս, Հայաստանում Ամերիկյան Համալսարանի դասախոս, Հանրային առողջության ոլորտում VP&S ծրագրի տնօրենի տեղակալ,

Ցոլին Կոջաողլանյան՝ Նյու Յորքի Ալբերտ Էյնշտեյնի բժշկական քոլեջի մանկական ինֆեկցիոն հիվանդությունների դասախոս, մանկական ինֆեկցիոնիստ

Լորկե Լիբարիդյան՝ Մանկաբույժ, «Cambridge Health Alliance»-ի առաջնային բուժօգնության արդյունավետության բարձրացման բժշկական տնօրեն, Հարվարդի բժշկական դպրոցի ինստրուկտոր

Վարդուհի Պետրոսյան՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան