ՀՀ-ում մոտ 500 հոգի կա, որ հետախուզվում է Ինտերպոլի կողմից, և անունները հստակ հիշել չեմ կարող. փոխոստիկանապետ

«Այս պահին չեմ կարող որևէ տեղեկություն տրամադրել, քանի որ նոր է հրապարակվել տվյալ փաստաթուղթը»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալով անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հրապարակած փաստաթղթին, ըստ որի՝ նախկին դատախազ Գևորգ Կոստանյանի հետախուզումը Ինտերպոլը համարել է քաղաքական և մերժել է ՀՀ-ի հետ համագործակցությունը։

Նրա խոսքով, եթե տվյալ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը և 2020 թվականի ապրիլից դադարեցվել է Գևորգ Կոստանյանի հետախուզումը, ապա դրա մասին պետք է տեղեկություն տրամադրեր նախաքննող մարմինը, ոչ թե ոստիկանությունը։

Հարցին, թե արդյո՞ք ոստիկանությունը մերժում ստացել է Ինտերպոլից, Արա Ֆիդանյանը պատասխանեց. «ՀՀ-ում մոտ 500 հոգի կա, որ հետախուզվում է Ինտերպոլի կողմից, և անունները հստակ հիշել չեմ կարող։ Երբ ուղարկվում է հայցադիմումը, մենք չենք ուսումնասիրում մեղադրանքը, մենք ուսումնասիրում ենք փաստաթղթերի ամբողջականությունը և դրա համապատասխանելիությունը Ինտերպոլի փաստաթղթերի տրամադրման կանոններին։ Եթե մեղադրանքն այնտեղ կա, հետախուզում հայտարարելու վերաբերյալ որոշումը կա, ամբողջ փաստաթղթերը կան, մենք ներկայացնում ենք…

Ըստ էության, մենք մերժում չենք ստանում քաղաքական հիմնավորմամբ, եթե ինձ ասեք՝ որն է քաղաքական հիմնավորումը…, մենք ստանում ենք հետախուզում հայտարարելու վերաբերյալ որոշումներ, և այնտեղ մեղադրանքները բազմաթիվ են։ Չեմ կարող հստակ ասել, թե որ հոդվածով է եղել հետապնդումը։ Մի քանի գործով գուցե Ինտերպոլից ստացած լինենք, որ քաղաքական հետապնդում է, բայց թե ում մասով, չեմ կարող ասել»։