Վերահաստատում ենք բոլոր ուղղություններով Թուրքիայի հետ կառուցողական փոխգործակցության ընդլայնման պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ-ն՝ Մոսկվայի պայմանագրի 100-ամյակի կապակցությամբ

Ռուսաստանը վերահաստատում է բոլոր ուղղություններով Թուրքիայի հետ կառուցողական փոխգործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը, ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ ՌԽՖՍՀ և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի միջև բարեկամության և եղբայրության մասին պայմանագրի ստորագրման 100-ամյակի կապակցությամբ հղած հաղորդագրության մեջ, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Ինչպես նշել են ՌԴ ԱԳՆ-ում, «այդ պայմանագիրը հիմնարար փաստաթղթերից մեկն է, որը հիմք է հանդիսացել երկու պետությունների միջև ժամանակակից հարաբերություններին»։

«Վերահաստատում ենք բոլոր ուղղություններով Թուրքիայի հետ կառուցողական փոխգործակցության ընդլայնման, առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնման, էներգետիկայի, արդյունաբերության և ենթակառուցվածքների հեռանկարային նախագծերի իրականացման, մշակութային-հումանիտար փոխանակումների և մարդկային շփումների կատարելագործման պատրաստակամությունը»,-հայտարարել է Զախարովան:

Նրա խոսքով՝ «անցած հարյուր տարվա ընթացքում իր քաղաքական և պատմական արդիականությունը չկորցրած Մոսկվայի պայմանագրի ոգուն և սկզբունքներին հետևելը Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների հետագա զարգացման գրավականն է»:

Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագիրը՝ Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ՌԽՖՍՀ) կառավարության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև 1921 թվականի մարտի 16-ին կնքված «եղբայրության և բարեկամության պայմանագիրը» բանակցվել է Մոսկվայի ռուս-թուրքական երկրորդ կոնֆերանսի (26 փետրվարի – 16 մարտի, 1921 թվական) ժամանակ։
Սույն պայմանագրով Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի ինքնիշխանությունն Ազգային մեծ ուխտի՝ թուրքական ճանաչած բոլոր տարածքների նկատմամբ։ Թուրքիան, իր հերթին, հրաժարվում էր Բաթումից` փոխարենը ստանալով Սուրմալուի գավառը։ Պայմանագրով հաստատվել է Թուրքիայի հյուսիս-արևելյան սահմանը, որը գործում է առ այսօր:

Մոսկվայի ռուս-թուրքական երկրորդ կոնֆերանսն անցկացվել է 1921 թվականի փետրվարի 26-ից մարտի 16-ը, Քեմալական Թուրքիայի և խորհրդային հանրապետությունների միջև հարաբերությունները կարգավորելու նպատակով։

Կոնֆերանսում ՌԽՖՍՀ-ն ներկայացրել են Գեորգի Չիչերինը և Ջելալ Կորկմասովը, իսկ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը՝ Յուսուֆ Քեմալ Բեյը, Ռիզա Նուր Բեյը և Ալի Ֆուատ փաշան։ Ազգությունների այն ժամանակվա կոմիսար Ստալինի ջանքերի շնորհիվ[4] Չիչերինը վերջնականապես հրաժարվում է մինչ այդ ունեցած հայանպաստ իր դիրքորոշումից։ Հայաստանի սահմանների հարցի կապակցությամբ Չիչերինը հայտարարում է, որ իրենք չեն պնդի սահմանը Արփաչայից արևմուտք և Արաքսից հարավ անցկացնելուն։ Դա նշանակում էր, որ Թուրքիային էին անցնում ոչ միայն ամբողջ Կարսի մարզը, այլև Սուրմալուի գավառը, որը երբեք չէր եղել Թուրքիայի կազմում։ Սակայն թուրքական պատվիրակությունը չի բավարարվում այդքանով և պահանջում է, որպեսզի Նախիջևանի մարզը չմնա Հայաստանին, այլ դրվի Ադրբեջանի հովանավորության տակ, վերջինս էլ պետք է պարտավորվեր ապագայում չզիջել այդ հովանավորությունը մի երրորդ պետության, այսինքն՝ Հայաստանին։