Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստը չորրորդ անգամ հետաձգվեց

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական այսօրվա նիստը ևս հետաձգվեց։ Նշենք, որ այս գործով նիստերը հետաձգվում են արդեն չորրորդ անգամ։

Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, մարտի 15-ին դատարան է ստացվել Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի դիմումը, որով տեղակացրել է, որ պարոն Օհանյանը դեռևս հոսպիտալացված է ու այս դատական նիստին ներկա լինել չի կարող։

Նիստին ներկա չէր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Փաստաբան Արամ Վարդևանյանը այդ առթիվ պարզաբանեց, նշելով, որ հաշվի առնելով այն տեղեկությունը, որ Սեյրան Օհանյանը չի կարող մասնակցել դատական նիստին, ինքն է խորհուրդ տվել պարոն Քոչարյանին՝ չներկայանալ դատական նիստին։

Բացի դրանից, Վարդևանյանն ասաց, ինքն էլ ունեցել է առողջական թեթև խնդիրներ, հանձնել է կորոնավիրուսի թեստ, այսօր առավոտյան ստացել  է պատասխանը՝ բացասական է։

«Նաև սա հաշվի առնելով, ես առաջարկեցի պարոն Քոչարյանին չմասնակցել այս դատական նիստին՝ իմանալով, որ պարոն Օհանյանը այսպես, թե այնպես չէր ներկայանալու։ Սակայն եթե դատարանը նպատակահարմար գտնի նախագահի ներկայությունը, ես կխնդրեմ 10-15 րոպե ընդմիջում՝ տեղեկացնելու նրան, որ իմ առաջարկած մոտեցումը ճշգրիտ չէր և կխնդրեմ ներկայանալ»,-ասաց Վարդևանյանը։

Դատավոր Դանիբեկյանը հայտարարեց, որ առկա պայմաններում նիստը չի կարող շարունակվել։

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը խոսքի հնարավորություն խնդրելով՝  հայտարարեց. միջնորդություն ունի, որը կարող է հանգեցնել դատավարական հետևանքների։ Նա առաջարկեց քրեական գործը, ըստ ամբաստանյալների,  անջատել ու առանձին վարույթներում քննել։

«Տարբեր պատճառաբանություններով այս քրեական գործն ուղղակի չի քննվում»,-հիմնավորեց դատախազը։

Փաստաբան Արամ Վարդևանյանը դատավորին ու իրենց դատավարական հակառակորդներին տեղեկացրեց, որ հաջորդ երեքշաբթի՝ մարտի 23-ին, ժամը 11։00-ին ՍԴ-ում քննվելու է Ռոբերտ Քոչարյանի ու ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականությունը։

«Կարծում եմ՝ այս հանգամանքը պետք է հաշվի առնենք, հարգելի դատարան, հաջորդ նիստը նշանակելու տեսանկյունից։ Ես ինքս ՍԴ-ում ներկայացուցիչ եմ։ Կարծում եմ՝ որոշակիորեն կարող է խոչընդոտել»,-ասաց Վարդևանյանը։

Դատավոր Դանիբեկյանն այս լսելուց հետո հայտարարեց, դատարանը գտնում է, որ հաջորդ դատական նիստը երեքշաբթի օրը նշանակելու համար որևէ խոչընդոտ առկա չէ։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 23-ին ժամը 13։00-ին։