Հայտնի են «Օսկարի» համար պայքարող ֆիլմերի ու դերասանների անունները

Կինոարվեստի «Օսկար» 93-րդ մրցանակաբաշխությունը կանցկացվի ապրիլի 25-ին Լոս Անջելեսում, բայց այսօր արդեն հայտնի են պայքարի մասնակից ֆիլմերի, դերասանների ու դերասանուհիների, ռեժիսորների անունները՝ գրում է euronews-ը:

Օսկարի հավակնորդները հայտնի են դարձել Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի կայքում հեռարձակման ժամանակ:

«Լավագույն նկար» անվանակարգում «Օսկարի» են առաջադրվել «Հայր», «Մանկ», «Մինարի», «Քոչվորների երկիրը», «Խոստումնալից աղջիկ» և «Մետաղի ձայնը» ֆիլմերը: Քլոե Չժաոն, Էմիրալդ Ֆենելը, Թոմաս Վինտենբերգը, Դեվիդ Ֆինչերը, Լի Այզեկ Չունը առաջադրված են «Օսկարին»՝ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար:

«Ոսկե գլոբուսի» վերջերս կայացած մրցանակաբաշխության ժամանակ, որը համարվում է «Օսկարի» գլխավոր փորձը, «Քոչվորների երկիրը» շահեց ամենահեղինակավոր անվանակարգերից երկուսը՝ «լավագույն դրամատիկական ֆիլմ» և «լավագույն ռեժիսոր»:

Վիոլա Դեվիսը, Անդրա Դեյը, Վանեսա Քիրբին, Ֆրենսիս Մակդորմանդը և Քերի Մալլիգանը առաջադրվել են Օսկարի «լավագույն դերասանուհի» անվանակարգում, Էնթոնի Հոփքինսը, Չեդվիկ Բոուսմենը, Ռիս Ահմեդը, Հարրի Օլդմենը՝ «լավագույն դերասան»:

Ռեժիսորներ Անդրեյ Կոնչալովսկու «Հարգելի ընկերներ» գեղարվեստական և Վիկտոր Կոսակովսկու «Գունդա» վավերագրական կինոնկարները չեն առաջադրվել այս տարվա «Օսկարին»:

Ի դեպ, 2021 թ. «Օսկար» մրցանակաբաշխությունը փետրվարի 28-ից ապրիլի 25-ին տեղափոխվեց կորոնավիրուսի համաճարակի պատճառով: