Եվրոպա-արաբական դաշինքը և Իրանը Իրաքում կանգնել են Թուրքիայի ճանապարհին…

Այո, դեռ 2000-ականների սկզբին ոչնչացված Իրաքը (ամերիկա-բրիտանական ագրեսիայի պատճառով), ինչպես պարզվել է, աշխարհի համար, մեր մի շարք հարևանների համար շատ ավելի թանկ արժեք ունի, քան Հայաստանը, առավելևս՝ Արցախը: Այժմ ձեզ ավելի մանրամասն կպատմենք, թե ինչու ենք եկել նման ողբալի եզրակացության…

2021 թ. մարտի 11-ին քաղաքական վերլուծաբան Թամեր Բադավին «Middle East Eye» (MEE, կենտրոնակայանը՝ Լոնդոնում) տեղեկատվավերլուծական պորտալում հրապարակված իր հոդվածում գրել է, որ աշխարհի մի շարք երկրներ, որոնք թշնամաբար են տրամադրված Թուրքիայի հանդեպ, օրինակ՝ Ֆրանսիան, Հունաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), Սաուդյան Արաբիան, աստիճանաբար ամրապնդել են իրենց դիվանագիտական ​​և տնտեսական ներկայությունը Թուրքիայի հարավային սահմանին՝ Իրաքի քրդաբնակ շրջանում. միջազգային քաղաքական մամուլում այս շրջանը սովորաբար անվանում են «Քրդական տարածաշրջանային կառավարություն» (KRG), և «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման ահաբեկիչների հետ պատերազմի պատճառով այս ինքնավարությունը շատ հարցեր է առաջացրել Իրաքում եզդիական ցեղասպանությանը քրդերի (սորանի ցեղ) մասնակցության պատճառով: Բայց վերադառնանք Թամեր Բադավիի պատմությանը: Նա գրում է, որ միևնույն ժամանակ, իրաքյան աշխարհազորայինները Իրանի գլխավորած տարածաշրջանային «դիմադրության առանցքից» (այսինքն՝ «Ալ-Հաշդ ալ-Շաաբի» շիական աշխարհազորայինները) ավելի ու ավելի են թշնամանում Թուրքիայի նկատմամբ, քանի որ վերջինս տեսնում է աճող սպառնալիք Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) կողմից Իրաքի հյուսիսում՝ հիմնականում եզդիաբնակ Սինջար շրջանում:

Եվրոպա-արաբական դաշինքը և Իրանը հեռու են «հաշվարկով ամուսնությունից» Իրաքում Անկարայի դեմ պայքարում, բայց այս ճակատամարտը 2021 թվականին Թուրքիայի համար դժվար խնդիր կլինի՝ հաշվի առնելով իր (թուրքական) տարածքում դեռ չլուծված քրդական հարցը, նշում է հոդվածի հեղինակը. «Իրաքում Թուրքիայի որոշ մրցակիցների ազդեցությունը նորություն չէ: Ֆրանսիան վաղուց է հետաքրքրություն դրսևորում Իրաքի նկատմամբ՝ կենտրոնանալով իր քրիստոնեական և այլ փոքրամասնությունների վրա: Անցած տարվանից Ֆրանսիան Իրաքում ձեռնարկել է մի շարք նշանավոր դիվանագիտական ​​նախաձեռնություններ՝ բարձր մակարդակի այցերով հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսներին, երբ Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի և Հունաստանի միջև լարվածությունը բնական պաշարների որոնման պատճառով կտրուկ աճել էր: Փարիզի այս գործունեությունը համընկել է նաև Իրաքում ՔԲԿ-ի դեմ թուրքական ռազմական արշավի ակտիվացման հետ»: Իրաքի մեկ այլ երկարամյա «խաղացողը»՝ ԱՄԷ-ն է, որը զգալի տնտեսական ազդեցություն ունի քրդական տարածաշրջանում: ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան վերջին տարիներին աջակցել են նաև Սիրիայի հյուսիս-արևելքում հիմնականում քրդական «Սիրիական ժողովրդավարական ուժերին» (SDF): SDF-ի առաջատար ուժը՝ Քրդական ժողովրդական ինքնապաշտպանական ստորաբաժանումներն են (YPG), որոնք պաշտոնական Անկարան երկար տարիներ համարում է «ահաբեկչական կազմակերպություն»: Եվ դա այն դեպքում, երբ Սիրիայի քրդական աշխարհազորը ԱՄՆ-ի անմիջական ռազմական աջակցությամբ հայտնվել է նախորդ դեմոկրատ նախագահ Բարաք Օբամայի՝ Սպիտակ տանը գտնվելու ընթացքում և մինչ օրս մնում է առանցքային և փաստացի միակ դաշնակիցը Սիրիայում: Բադավին կարծում է, որ Սորանի քրդերի և Բաղդադի աճող պական «սիրալիրությունը», ի վերջո, նպատակ ունեն ամրապնդել նրանց դիրքերը Անկարայի հետ բանակցություններում: «Ֆրանսիան և ԱՄԷ-ն, հավանաբար, այն շարժիչ ուժերն էին, որոնք Հունաստանը մղել են դեպի դիվանագիտական ​​համագործակցության Բաղդադի և Էրբիլի հետ: Իրաքի հետ Եվրոպայի փոխգործակցության աճը հետևել է 2020 թվականի մայիսին Ֆրանսիայի, ԱՄԷ-ի, Հունաստանի, Կիպրոսի և Եգիպտոսի կողմից համատեղ հայտարարությանը, որն Արևելյան Միջերկրական ծովում ուղղված էր Թուրքիայի (իր ագրեսիվ գործողությունների պատճառով) դեմ: Աթենքը հետևել է Փարիզի օրինակին՝ անցած տարվա հոկտեմբերին կազմակերպելով արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի այցը Բաղդադ: Որից հետո Հունաստանը կոշտ արտահայտություններ է օգտագործում Իրաքում ՔԲԿ-ի դեմ Թուրքիայի միջսահմանային ռազմական գործողությունների դեմ»,- նշում է փորձագետը:

Միևնույն ժամանակ, Թուրքիայի ամբիցիաները և հավակնությունները (ՔԲԿ-ի ցանցը Իրաքի և Սիրիայի տարածքով կտրելու համար) բախվեցին լուրջ մարտահրավերի՝ իրաքյան [շիա] հզոր ռազմականացված խմբավորումների՝ Իրանի դաշնակիցների կողմից: Նրանք մտահոգված են, որ իրաքա-սիրիական սահմանի հյուսիսային հատվածի փակումը Թուրքիայի կողմից կասկածի տակ կդնի Թեհրանի «ցամաքային կամուրջը»՝  Իրանի ու Արևելյան Միջերկրական ծովի միջև: «Վերջին շաբաթներին, երբ այս տարեսկզբից Թուրքիան պատրաստվում էր մոտալուտ ռազմական ներխուժում Սինջար` ՔԲԿ-ին դիմակայելու համար, իրաքյան շիաները վերջնագրեր են ուղարկել Թուրքիային, և որ ավելի կարևոր է, շտապ ռազմական աջակցություն են ուղարկել Սինջար: Անցած տարվա սկզբին հայտնիություն ձեռք բերած շիա «Ասխաբ ալ-Կահֆ» զինված  խմբավորումը փետրվարի 15-ին հայտարարեց, որ հրթիռ է արձակել Իրաքի հյուսիսում գտնվող թուրքական ռազմական պահակակետի ուղղությամբ,- հիշում է վերլուծաբան Բադավին: – Դա չի նշանակում, որ Իրանը շահագրգռված չէ Թուրքիայի հետ պայքարել ՔԲԿ -ի դեմ: ՔԲԿ-ի զինյալները բազմիցս հարձակվել են Իրան-Թուրքիա գազատարի վրա`հակառակվելով տարածաշրջանում Թեհրանի տնտեսական շահերին: Բայց Իրանը, հավանաբար, առանձին մոտեցում ունի ՔԲԿ-ի նկատմամբ, նա պայքարում է իր սահմաններին անմիջապես սպառնացող խմբերի դեմ և համեմատաբար հանդուրժող է այդպիսի խմբերի նկատմամբ ավելի հեռավոր շրջաններում, երբ անհրաժեշտ է պայքարել ԻՊ-ի դեմ և՝ որպես գրգռման տարր Թուրքիայի համար»: Թուրք-իրաքյան առևտուրն աճում է, շարունակում է փորձագետ Բադավին, և Անկարան վերջերս սկսել է էլեկտրաէներգիա արտահանել Իրաք: Միևնույն ժամանակ, Թուրքիան կորցնում է տնտեսական այլ հնարավորություններ, հատկապես հյուսիսային Իրաքում, Ֆրանսիայի և ԱՄԷ-ի գործողությունների պատճառով: Այս տարվա սկզբին թուրք կապալառուները զիջեցին ֆրանսիացի մրցակիցներին`փորձելով վերանորոգել Իրաքի Մոսուլի միջազգային օդանավակայանը: Թուրքիան երկար ժամանակ դիտել ու հետևել է այս նախագիծը՝ պատմականորեն համարելով Մոսուլը իր «ազդեցության բնական գոտում»: Միևնույն ժամանակ, ԱՄԷ-ի գազային ընկերություններն առանձնանում են Իրաքյան Քրդստանում ակտիվության մեծացմամբ:

Բադավին հետաքրքիր մտքեր է առաջարկել, մանավանդ հայտնի փաստ է. այս տարվա փետրվարի 10-ի գիշերը թուրքական բանակը սկսեց նոր տրանս-սահմանային գործողություն Իրաքի հյուսիսում՝ «Pençe Kartal 2» («Արծվի ճանկ-2» ծածկագրով): Ռազմական առաքելությունը, ըստ Անկարայի, ուղղված է Թուրքիայում արգելված ՔԲԿ կուսակցության դեմ, որի հիմնական հենակետերը գտնվում են հենց Իրաքի հյուսիսային շրջաններում: Իրանամետ շիաներն իրենց ռազմական կազմավորումները, սարքավորումները և զինամթերքը ուղարկեցին եզդիներին (և, ըստ երևույթին, ՔԲԿ -ի ստորաբաժանումներին) օգնությանը: Դժվար թե դա տեղի ունենա առանց Իրանի հետ համաձայնեցման:

Հետաքրքիր մի նրբություն. փորձագետ Թամեր Բադավին նույնպես կարծում է, որ Հայաստանն ևս «միացել է» այդ պատկերին: Ըստ նրա, ենթադրաբար Երևանը միացել է «Իրաքում համաձայնեցված դիվանագիտական ​​ջանքերին այն բանից հետո, երբ Անկարան օգնեց Բաքվին 2020 թվականին գերակայություն ստանալ Երևանի նկատմամբ՝ ղարաբաղյան հակամարտության հերթական զինված փուլում»: «Դրանից անմիջապես հետո Հայաստանը Էրբիլում բացեց գլխավոր հյուպատոսություն»,- նշել է Բադավին: Էրբիլում (Արբելայում), այսինքն՝ KRG-ի վարչական կենտրոնում, սորանի քրդերի շրջանում, որոնք համարում են ԱՄՆ-ի և Իսրայելի հատուկ ծառայությունների խամաճիկներ: Բայց այս թեման առանձին և ոչ հրապարակային քննարկման առարկա է, քանի որ նախ՝ Հայաստանը երկար ժամանակ ԱՄՆ-ի և Անգլիայի համար ձեռնասուն էր  հանմարվում, մասնակցելով Իրաքում «խաղաղապահությանը»: Երկրորդ. նույնիսկ այդ տարիներին Հայաստանը ռիսկ չէի արել՝ KRG-ում ի հայտ գալու, չնայած Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը (ԱՄՆ-ից անմիջապես հետո) իրենց հյուպատոսությունները բացեցին Էրբիլում: Եվ երրորդ՝ 2021-ին Հայաստանն ինքը գոյատևման խնդիր ունի, ոչ թե՝ Իրաք «մտնելու»…

Սերգեյ Շաքարյանց