Ամփոփվել են «Աբակ 2021» մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադայի արդյունքները

Մարտի 14-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» շքասրահում տեղի է ունեցել «Աբակ 2021» մենթալ թվաբանության ամենամյա միջազային հոբելյանական 5-րդ օլիմպիադան։ Օլիմպիադային օնլայն և օֆլայն ձևաչափերով  մասնակցել է մենթալ թվաբանությամբ զբաղվող 5-ից 15 տարեկան մոտ 300 սան Հայաստանից, Ռուսաստանից, Ուզբեկստանից, Գերմանիայից, Իսպանիայից, Միացյալ Նահանգներից և Կանադայից։ Երեխաները մրցել են ըստ տարիքային խմբերի և մենթալ թվաբանության բարդության աստիճանների։ Իրենց տարիքային խմբերում և աստիճաններում լավագույն արդյունք ցուցաբերած սուպերչեմպիոնները, այդ թվում՝ Կամո Հակոբյանը, Աշոտ Հակոբյանը, Դավիթ Սուքիասյանը, Ռաֆայել Մովսեսյանը, Աննա Մանուկյանը, Ալեքս Թանգամյանը, Վոլոդյա Սարգիսյանը, Մանե Ներկարարյանը և Նանե Թամազյանը արժանացել են դրամական պարգևների՝ տրամադրված միջոցառման աջակից SoftConstruct ընկերության կողմից։ Արտերկրից սուպերչեմպիոնների կոչման են արժանացել Իսլոմժոն Սոբիրժանովը Ուզբեկստանից և Մատվեյ Գարիավինը Ռուսաստանից: Միջոցառման բոլոր մասնակցիներն արժանացել են խրախուսական մրցանակների և ողջույնի խոսքերի գեղասահորդ, Հայաստանի կրկնակի չեմպիոն Սլավիկ Հայրապետյանի և ակադեմիայի հիմնը կատարող երգիչ Տյոմ Հակոբյանի կողմից: