«Պատմեմ քեզ թալեաթի մահը, գինի լից». (տեսանյութ)

1921 թ. մարտի 15-ին,  ՀՅԴ վրիժառու մարտիկ Սողոմոն Թեհլիրյանը Բեռլինում սպանեց երիտթուրք պարագլուխներից մեկին՝ թալեաթին: Այդ գործողությամբ սկիզբ դրվեց  1919 թ.  ՀՅԴ կուսակցության 9-րդ համագումարի «Նեմեսիս» գործողության որոշման իրագործմանը, որի նպատակը մեկն էր՝ վրեժխնդիր լինել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից և իրագործողներից…

1993 թվականի հունիսին, Մարտակերտի դիրքերից մեկում ներկա եղա Սահակ Սահակյանի «Գինի լից» երգի կատարմանը: ՀՅԴ գումարտակի տղերքը հիացած էին, ես՝ գուցեև ավելի… Ռազմադաշտային կարճատև համերգից հետո, Սահակին հարևանցիորեն խոստացա նկարահանել այդ երգի տեսահոլովակը:  Տարբեր՝ պարզ կամ «անհասկանալի» պատճառներով,  խոստումս կատարեցի միայն 15 տարի հետո՝ 2008 թվականին, Հայ Հեղափոխական  Դաշնակցության  տրամադրած գումարով:  Մոնտաժային աշխատանքները ավարտեցի ուշ երկոյան և ես ու Սահակը  ակամա  դարձանք  մեր  աշխատանքի  առաջին  դիտորդն ու գնահատողը: Հավանեցինք… պատրաստվում էինք դուրս գալ «Երկիր Մեդիա»-ից, հանկարծ Սահակը նկատեց.

-Հեղինակների անունները չգրեցինք…

Չգիտեմ ինչու՝ ծիծաղեցի ու ասացի.

-Կարևոր չի,  Սահակ… մնա հետո, մի տասը տարի հետո… հումորի տվեցի ու քայլեցինք… Այդպես էլ եղավ… Չգիտեմ ո՞վ է առաջին կամ հերթական անգամ համացանցում տեղադրել բեմադրիչ Սամվել Թադևոսյանի «Գինի լից» տեսահոլովակը, և ովքեր են իրենց համացանցային ընկերների ու հետևորդների շրջանակը ընդլայնել «Գինի Լից»-ի  հրապարակումով, բայց մի բան ակնհայտ է.  այն պատշաճ ընդունելության է արժանացել թե Հայաստանում և թե  Սփյուռքում: Եվրոպայի և Միջին Արևելքի  մի շարք երկրներում, ես անձամբ համոզվեցի դրանում՝ բազմիցս հանդիպելով  հայ պատանիների, որոնց բջջային հեռախոսներում, անփոխարինելի հմայիլի պես, պահպանվում էր «Գինի լից»-ի սեփակա՛ն օրինակը: Ինչևէ… Այսօր՝ 2018 թվականի դեկտեմբերի  8-ին,  «Գինի լից» երգի տեսահոլովակի պատրաստումից տասը տարի անց, արդեն որպես հեղինակ, հրապարակում եմ  Դաշնակցական Հանճարի նվիրումն ու սխրանքը ներկայացնող այս համառոտ պատումը, որի արձակած Գնդակը դեռ Սուրում է, և որի այսօրիկ խորհուրդը կարող է բարեբեր օգտակարություն փոխանցել՝ մեր այս խառը և իրարամերժ  օրերի հային, որպես թե անսխալ կողմնորոշվելու  Ճշմարիտ  և Հուսալի  Բանալի…

Սամվել Թադևոսյան