Բուլղարիան մայիսից սահմանները կբացի զբոսաշրջիկների համար

Մայիսի 1-ից Բուլղարիան կբացի իր սահմանները բոլոր զբոսաշրջիկների համար:

Այս մասին իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարել է երկրի զբոսաշրջության նախարար Մարիանա Նիկոլովան, նշելով՝ հանգստանալ ցանկացողների համար կներդրվեն բնակության և սնունդ ստանալու հատուկ կանոններ:

Նրա խոսքով, զբոսաշրջային արդյունաբերության պատասխանատուները կարող են նախապատրաստվել մայիսյան արձակուրդներին, իսկ նախատեսվող բոլոր հակահամաճարակային միջոցառումների մասին առաջիկայում հայտարարություն կտարածի առողջապահության նախարարությունը:

Բացի այդ, իշխանությունները հատուկ պայմաններ կստեղծեն օտարերկրյա քաղաքացիների մուտքի համար և նախապես կտեղեկացնեն նրանց այդ մասին:

Զբոսաշրջության նախարարի խոսքով՝  Բուլղարիա այցելել ցանկացողներին կտրամադրվեն «կանաչ միջանցքներ»՝ բնակության վայր անվտանգ տեղափոխման համար: Ներկայում Եվրոպական հանձնաժողովի կողմից մշակվող COVID անձնագրեր ունեցողները ևս կկարողանան օգտվել այս ծառայությունից: