Քովիդ-19-ի դեմ պայքարը ինքնագովազդելու և սեփական ձախողումներից խույս տալու մասին

Մարտի 11-ին առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Ա․Ավանեսյանը հայտարարեց, որ կառավարությունը, մասնավորապես, առողջապահության նախարարությունը արել է ժամանակին համահունչ բոլոր քայլերը, որպեսզի զսպի հիվանդացության տարածումը ։ Այլ անհեթեթ մտքեր նա հնչեցնում է նույն օրը մեկ ուրիշ հարցազրույցի ընթացքում` նշելով. «Մենք բավականին լավ հանրային պահվածք ունեցանք նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, երբ համատարած մեծամասնությունը կրում էր դիմակներ։ Նոր տարվա գնումների հետ կապված շատ ավելի խիստ հետևում էին կանոններին և կրում էին դիմակները, մենք կարողացանք խուսափել աճից»։ Այնուհետև, անգամ բժշկական կրթություն չունեցող Ա․Ավանեսյանը, մտնելով բուժաշխատողի կերպարի մեջ, փորձում է հիվանդությանն առնչվող նեղ մասնագիտական մտքեր հնչեցնել։ Առողջապահության ոլորտի ներկայիս պատասխանատուին կրկին հիշեցնում ենք` Համաճարակին հակազդման նախապատրաստական փուլը ձախողվել է, իրական վտանգները չեն գնահատվել: Համաճարակի սկզբից ԱՆ-ի և անձամբ նախարարի հայտարարությունները, կանխատեսումները, հիմնավորումները եղել են մերկախոս, հակասական, չեն կատարվել և ներկայացվել որևէ հետազոտություններ, գիտական կամ տրամաբանական հիմնավորումներ։ Կարանտինի երկարացման առաջարկը այս շարքից է։

Կանխարգելման տակ առողջապահության նախարարը հասկանում է միայն պատվաստումը կամ դիմակ կրելը, որն իհարկե այդպես չէ, իսկ համաճարակի տարածման գլխավոր մեղավոր է նշանակվել ՀՀ քաղաքացին: Անհրաժեշտ էր հետազոտել և վերաhսկել կոնտակտավորներին, կտրել վարակի փոխանցման համաճարակաբանական շղթաները: Դա կանխարգելման հիմնական հատվածն է, որն առողջապահության նախարարության ուղիղ պատասխանատվության տակ է, որը լիովին ձախողվել է: Կանխարգելումը միջոցառումների համալիր է, որտեղ դիմակը բաղադրիչներից ընդամենը մեկն է և ոչ առաջինը: Դիմակն արդյունավետ է և իմաստ ունի, երբ այն օգտագործվում է ճիշտ ձևով, ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին և այլ կանխարգելիչ միջոցառումների հետ համատեղ: Միանշանակ, բացօթյա պայմաններում, երբ կա թարմ օդի մշտական հոսք, բավարար տարածություն մարդկանց միջև, դիմակ կրելը որևէ ձևով չի անդրադառնում համաճարակային պրոցեսի ընթացքի վրա և այն կրելու անհրաժեշտություն չկա։ Սակայն, սահմանափակ ռեսուրսների պայմաններում հսկայական վարչական ռեսուրսն ուղղվել էր բացօթյա տարածքներում դիմակի կրման հսկողությանը, այն դեպքում երբ վարակումը հիմնականում տեղի է ունենում փակ տարածքներում՝ աշխատավայրերում, տներում, բուժհիմնարկներում, մարդկանց քիչ թե շատ տևական շփման ընթացքում: Մենք արագ տեմպերով առանց պատվաստման էլ ձեռք ենք բերում խմբային կամ կոլեկտիվ իմունիտետ: Պատվաստանյութերը կարևոր գործիք են հիվանդությունների դեմ պայքարում, բայց անհրաժեշտ է ապահովել դրանց բացարձակ անվտանգությունը և կարճաժամկետ և երկարաժամկետ ապագայում: Վերջին տարիներին հանրության կողմից պատվաստումների նկատմամբ ձևավորվել է որոշակի անվստահություն, որի պատասխանատուն Ա. Թորոսյանն է: Նա իր չհիմնավորված քայլերով, ագրեսիվ քարոզչությամբ, վարչական ռեսուրսի չարաշահմամբ, չմտածված քաղաքականությամբ հսկայական վնաս է հասցրել պատվաստման գաղափարին: Համաճարակի դեմ պայքարում առողջապահական համակարգը հիմնականում զբաղվել է հիվանդաբուժությամբ, որի ողջ ծանրությունն ընկել է բժիշկների ուսերին, բժշկական ռեսուրսն անխնա մսխվել է: Տարբեր պատճառներով հիվանդները չեն հոսպիտալացվել և առանց բուժօգնության տներում մահացել են:

Աշխատանքի ճիշտ կազմակերպման պայմաններում մենք այդքան հիվանդներ և այդքան կորուստներ չէինք ունենա: Կանխատեսումների և ռազմավարական պլանավորման համար չի իրականացվել բնակչության շրջանում որևէ հետազոտություն, որով կարելի է հիմնավորել կարանտինի կամ այլ սահմանափակումների կիրառումը: Ունենք համաճարակաբանական պրոցեսի սխալ ընկալում կամ միտումնավոր համաճարակի դեմ ողջ պայքարը հանգեցվում է դիմակի կրելուն: Նախարարությունը չի կարողանում կոնսոլիդացնել բժշկական հանրույթը, չի կարողանում աշխատել մասնագետների հետ, ովքեր չեն ցանկանում մասնակից դառնալ իրենց պրոյեկտներին, որոնք վնասակար բաղադրիչներ են պարունակում մեր առողջապահական համակարգի համար: Նախարարության վերնախավն առաջնորդվում է անձնական դրդապատճառներով, այլ ոչ թե հանրային շահով: Համաճարակի սկզբից անտեսվում են երկրում մասնագիտական կարծիքն ու կատարված վերլուծությունները:

Հակահամաճարակային ալյանս