Դիրք թողնելու մասին խոսք չկա. պաշտպանության փոխնախարարը՝ Կապանի դիրքերի մասին

Երեկվա տեսանյութի վերաբերյալ իրականացվում է նախաքննություն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը։

«Տարածված տեսանյութի հետ կապված՝ իրականացվում է նյութերի նախաքննություն, Ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր, իսկ Կապանի առաջնագծում որևէ լուրջ մտահոգության կարիք կամ առիթ չկա»,- ասաց Արման Սարգսյանը։

Համացանցում տարածվել է տեսանյութ՝ Կապանի մոտակա դիրքերի զինվորների մասնակցությամբ, որտեղ նրանք բարձրաձայնել են թշնամուց եկող վտանգների և հայկական դիրքի անմխիթար վիճակի մասին։ ՊՆ փոխնախարարը նշեց՝ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

«Դիրք թողնելու մասին խոսք չկա, այդ տեսանյութում նշած խնդիրների և առհասարակ նման տեսակետներ հնչեցնելու առնչությամբ նախապատրաստվում են նյութեր, և չեմ ցանկանում վաղաժամ հայտարարություններ անել, որ դրանց մեծ մասը իրականությանը չի համապատասխանում։ Անվտանգային իմաստով որևէ խնդիր չկա, այս պահին ՊՆ-ն և ԳՇ-ն ամեն ինչ անում են զինվորների վիճակը բարելավելու ուղղությամբ, և սրանք ընթացիկ աշխատանքներ են, որոնք իրականացվում են ամենօրյա ռեժիմով»,- ասաց նա։

ՊՆ փոխնախարարը նաև ընդգծեց՝ հանցագործություն է բանակի վերաբերյալ հայտարարություններ անելը, որոնք չեն համապատասխանում իրականությանը։

«Յուրաքանչյուր ոք, ով կանի հայտարարություններ, որոնք կարող են պարունակել առերևույթ հանցագործություն տարրեր կամ բանակին վերաբերող հարցեր, այդ առնչությամբ պետք է իրականացվի ուսումնասիրություն և այն պետք է սկսել հետևյալ մարդուց, և դա պետք չէ դիտարկել որպես հետապնդում»,-նշեց պաշտպանության փոխնախարարը։

Արման Սարգսյանը նաև նշեց՝ եղել է պատերազմ, և աշխարհաքաղաքական փոփոխությունները նորմալ են, իսկ այն, ինչ տարածվում է սոցիալական ցանցերում Սյունիքի մասին, և այն, ինչ իրականում է, տարբերվում են իրարից։

«Որևէ դիրք հանձնելու մասին խոսք չի եղել և չի լինի։ Ինձ համար ամենամեծ անակնկալը սոցիալական ցանցերում իմ տեսածն էր Սյունիքի վերաբերյալ և իմ՝ Սյունիքում տեսածն ու շոշափածը, և այնտեղ կա մեծ տարբերություն։ Ես չեմ բացառում և չեմ ժխտում, որ կան խնդիրներ։ Պատերազմի հետևանքով որոշակի աշխարհաքաղաքական փոփոխություններ են եղել»,- ասաց Արման Սարգսյանը։

ՊՆ փոխնախարարը նաև անդրադարձավ բանակցային 3-րդ փաստաթղթին՝ հերքելով դրա գոյությունը։

«3-րդ փաստաթուղթ՝ ստորագրված, որևէ մեկը չի տեսել, 3-րդ փաստաթղթի մասին որևէ խոսք այս պահին չի կարող լինել, եթե լիներ, բնականաբար, տեղյակ կլինեիք դրա մասին»,- ասաց պաշտպանության փոխնախարարը։

Արման Սարգսյանը նաև նշեց՝ 30 տարվա պատմությունը ցույց է տալիս՝ պատերազմի պետք է սպասել ամեն օր, բայց այս պահին նման խնդիր բարձրաձայնելու կարիք չկա։

«Նոր պատերազմի մասին այս պահի դրությամբ որևէ մեկը չի կարող ասել, ես կարծում եմ՝ եթե նման խնդիր լինի, պետությունը ամեն բան կձեռնարկի։ Հաշվի առնելով մեր 30 տարվա պատմությունը՝ պետք է ամեն վայրկյան սպասել պատերազմի, բայց այս պահին նման հարց բարձրացնելու անհրաժեշտություն չկա»,- տեղեկացրեց Սարգսյանը։

Նա նաև նշեց՝ իրավիճակը Պաշտպանության նախարարության և զինված ուժերի վերահսկողության ներքո է։

«Այս պահին ՀՀ ՊՆ-ն և ԶՈՒ-ն վերահսկում են իրավիճակը և խուճապային իրավիճակներ ստեղծելու, բանակի մարտունակությունը կասկածի տակ դնելու քայլերը ոչ մի կերպ օգուտ չեն բերում բանակին»,- ասաց Սարգսյանը։

Պաշտպանության փոխնախարարը նաև մեկնաբանեց Գլխավոր շտաբի իրավիճակը՝ նշելով, որ ամեն բան գնում է բնականոն հունով։

«Գլխավոր շտաբի պետի տեղակալը ժամանակավորապես իրականացնում է պետի պարտականությունները, և բնականաբար ԳՇ-ն աշխատում է և իր առջև դրված խնդիրները լուծում է»,- ասաց Արման Սարգսյանը։