ՀՀ իշխանությունները տվե՛լ են ագրեսոր Ադրբեջանին իրավունք՝ ներկայանալու որպես կառուցողական կողմ. Tert.am

Հայաստանի իշխանությունների լռության հետևանքով Ալիևն այսօր ստացել է հակամարտության էջը փակելուց, ապագա ծրագրերից ու փոխգործակցության հնարավորություններից խոսելու իրավունք: Այս մասին Tert.amի հետ զրույցում նշել է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի՝ երեկ տեղի ունեցած հանդիպմանը ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ:

«Նոյեմբերի 9-ի հրադադարից հետո հայ-ադրբեջանական պայքարը տեղափոխվեց քաղաքական ու դիվանագիտական ճակատ, որտեղ իրավիճակը մեզ համար՝ որպես պատերազմում պարտված կողմի, ի սկզբանե բարդ էր: Բայց սա չի նշանակում, որ մենք չունեինք հնարավորություն Հայաստանի և Արցախի շահերը հետպատերազմյան քաղաքական զարգացումներում պաշտպանելու և առաջ մղելու», – նշեց փորձագետը՝ հավելելով, որ Հայաստանի պարտված իշխանությունները ոչ միայն քայլ չարեցին այս ուղղությամբ, այլև ճիշտ հակառակը՝ ստեղծեցին միջավայր, որի արդյունքում ագրեսոր ու պատերազմական հանցագործությոնների դիմած Ադրբեջանն այսօր կառուցողական դիրքերից է ներկայանում:

«ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպմանը Ալիևը հերթական անգամ խոսեց պատերազմի ու հակամարտության էջը փակելու և տարածաշրջանային համագործակցության կարևորության մասին, որի շուրջ, Ադրբեջանի նախագահի պնդմամբ, կողմերն արդեն եկել են համաձայնության»,- նշել է Մխիթարյանը:

Փորձագետի կարծիքով՝ անկախ այն հանգամանքից, թե ինչի շուրջ են համաձայնության եկել Փաշինյանն ու Ալիևը, կարող ենք հստակ ամրագրել, որ առնվազն Հայաստանի իշխանությունների լռության արդյունքում Ալիևն այսօր ստացե՛լ է իրավունք՝ խոսելու ապագա ծրագրերի ու փոխգործակցության հնարավորությունների մասին: «Իսկ արդյոք մենք պատրա՞ստ ենք փակելու պատերազմի էջը: Պարզապես հիշեցնեմ՝ բոլոր քաղաքական հարցերից զատ՝ մենք անգամ հումանիտար կարևորագույն խնդիրը՝ գերիների վերադարձը, չենք կարողացել ապահովել», – հավելեցլ է փորձագետը:

Մխիթարյանի կարծիքով՝ կարևոր է նաև հետևել, թե ինչպես կանցնի Հայաստանի իշխանությունների հետ ԵԱՀԿ գործող նախագահի հանդիպումը, ինչպես նաև տեղի կունենա՞ արդյոք հանդիպում Արցախի իշխանությունների հետ: «Իսկ այս պահի դրությամբ կարող ենք ամրագրել միայն մի բան՝ Հայաստանի իշխանություններն իրենց պարտվողական ու զիջողական կեցվածքի շնորհիվ տվել են ագրեսոր Ադրբեջանին իրավունք՝ ներկայանալու որպես համագործակցության համար բաց ու կառուցողական կողմ»,- ամփոփել է փորձագետը: