Իսրայելական «մահապարտ» ԱԹՍ-ների «դեբյուտը» Արցախյան պատերազմում. The Jerusalem Post

The Jerusalem Post պարբերականն անդրադարձել իսրայելական ԱԹՍ-ներին ու Ղարաբաղյան պատերազմում դրանցից որոշների առաջին անգամ կիրառման թեմային:

Հոդվածում նշվում է, որ, օրինակ՝ Harop տեսակի ԱԹՍ-ն սպառազինության տեսակ է, որ գործում է ինչպես անօդաչու թռչող սարք, սակայն իրենից ներկայացնում է նաև հրթիռի նման թիրախավորող մարտագլխիկ, ինչն առանցքային դերակատարում է ունեցել Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում:

Պատերազմը լուսաբանող իսրայելցի թղթակցի խոսքով՝ տարիներ շարունակ Իսրայելը ԱԹՍ-ներ է վաճառել Բաքվին:

Պարբերականում նշվում է, որ Կովկասի պատերազմը իսրայելական «մահապարտ» ԱԹՍ-ների համար «դեբյուտ» է եղել:

Իսրայելական այդ անօդաչու թռչող սարքերը կարող են թիրախավորել տանկեր, ռազմական տեխնիկա և զինվորականներ: Ժամանակակից զինված ուժերի ոչնչացման գործում ԱԹՍ-ների լայն հնարավորությունների կիրառումը ցուցադրվեց հենց Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողությունների ժամանակ: Harop և Harpy ԱԹՍ-ների թեթև քաշով ու փոքր չափսերով տարբերակները հեղափոխական սպառազինություն են համարվում:

Հոդվածագիրն ընդգծում է, որ պատերազմի ավարտին հայերին վրդովել էր, որ հարձակումների են ենթարկվել Իսրայելի տրամադրած ԱԹՍ-ներով: Հայերին զայրացրել էր այն փաստը, որ Իսրայելը սպառազինություն է մատակարարել Ադրբեջանին և անգիտակցաբար ներգրավվել է մի հակամարտության մեջ, որում շահեր չունի:

Հարցը՝ թե արդյոք Ադրբեջանին սպառազինություն մատակարարելու ցանկությունը բխում էր Իրանի նկատմամբ Իսրայելի անվտանգության մտահոգությունների՞ց,  մնաց անպատասխան: