Այս մտահոգիչ զարգացումները միայն խորացնելու են Հայաստանի քաղաքական ճգնաժամը․ Freedom House-ը՝ ՀՀ ՄԻՊ-ի մասին հայտարարություն է տարածել

Կառավարության նախաձեռնությունը կխաթարի Մարդու իրավունքների պաշտպանի անկախությունը և կխոչընդոտի մարդու իրավունքների պաշտպանության նրա գործունեությունը․Freedom House-ը հայտարարություն է տարածել
———————-
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը 2021թ. մարտի 12-ին հայտարարություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ֆինանսական անկախության երաշխիքի վերացման Կառավարության նախագծի վերաբերյալ։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը թարգմանել է անգլերեն հայտարարությունը, որի մեջ մասնավորապես ասվում է․ «Այս նոր օրինագիծը, եթե ընդունվի, կխաթարի Մարդու իրավունքների պաշտպանի անկախությունը և կխոչընդոտի Հայաստանում մարդու իրավունքները պաշտպանելու նրա մանդատին»։

Ըստ կազմակերպության՝ Կառավարությունը փորձում է կրճատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ֆինանսական անկախությունը: Այս մտահոգիչ զարգացումները միայն խորացնելու են Հայաստանի քաղաքական ճգնաժամը:

Freedom House-ը հատուկ է շեշտել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության և ներկայում առկա քաղաքական ճգնաժամի լույսի ներքո առավել քան երբևէ կարևոր է պահպանել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների՝ հակամարտության ընթացքում տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումների, ինչպես նաև երկրում հիմնարար ազատությունների սահմանափակումների վերաբերյալ իրազեկելու կարողությունը։

Freedom House-ն այս հայտարարությունն արել է՝ անդրադառնալով նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հատկացված մեքենաների կրճատման հարցին։

Հայտարարությունում կարևոր արձանագրումներ կան նաև ժողովրդավարական ու մարդու իրավունքների հաստատությունները խթանելու պետության պարտավորությունների վերաբերյալ: