Իրան-Ռուսաստան-ԱՄՆ «եռանկյունում» հնարավոր են քաղաքական փոթորիկներ

Քանի որ ԱՄՆ-ը սկսել է «սակարկել» Իրանի հետ և Թեհրանից պահանջել է կատարել նախապայման, որպեսզի «վերադառնա» իրանական միջուկային ծրագրի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) ձևաչափին, մենք հակված ենք հավատալ, որ առաջիկա ամիսների ընթացքում Իրանի շուրջ իրավիճակը (համապատասխանաբար` Իրանի հարևան երկրներում և այս երկրներին հարող երկրներում, և այդ բոլոր երկրների շուրջ…) զգալիորեն կվատթարանա: Բացի դրանից, ավելի լուրջ հետևանքներ են հասունանում: Իրանի պայմանները հայտնի են և բացարձակ օրինական. Միացյալ Նահանգները միակողմանիորեն «դուրս են եկել» JCPOA փաստաթղթից, իսկ եվրոպական երկրները (Ֆրանսիա, Անգլիա, Գերմանիա) իրական ոչինչ չեն ձեռնարկել JCPOA գործարքը պահպանելու համար: Ուստի Իրանը (ԱՄՆ-ն JCPOA-ից դուրս գալուց 2 տարի անց …) սկսել է աստիճանաբար «սառեցնել» իր պարտավորությունները այս փաստաթղթի համաձայն: Եվ այժմ Միացյալ Նահանգները պետք է անվերապահորեն վերացնի բոլոր հակաիրանական պատժամիջոցները և «վերադառնա» JCPOA ձևաչափին, որից հետո Իրանը կկարողանա դիտարկել 6+1 «միջուկային գործարքի» համաձայն ստանձնած պարտավորությունների վերսկսման հարցը: Հիշեցնենք, որ JCPOA փաստաթղթի տեքստը նախատեսում էր Իրանի կողմից իր պարտավորությունները մերժելու նման ընթացակարգ, եթե Արևմուտքը ինչ-ինչ պատճառներով սկսի խուսափել պարտավորությունների իր մասի կատարումից կամ միակողմանի դադարեցնի իր մասնակցությունը JCPOA փաստաթղթի իրագործմանը:

Եվ ահա երբ ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենի վարչակազմը իբր համաձայնել է «վերադառնալ» JCPOA համաձայնագրին, պաշտոնական Թեհրանը հիշեցրել է և՛ այս փաստաթղթի տեքստը, և՛ այն, որ ԱՄՆ-ն է «լքել» JCPOA- ն: Եվ, հետևաբար, այժմ ԱՄՆ-ը իրավունք չունի Իրանին նախապայմաններ առաջադրել: Սակայն մի քանի օր առաջ Միացյալ Նահանգները կտրականապես հրաժարվել է վերացնել հակաիրանական պատժամիջոցները: Ավելին, երբ Հարավային Կորեան ցանկանում էր Իրանին վերադարձնել 1 միլիարդ դոլար (Հարավային Կորեայի բանկերում պահվող իրանական 7 միլիարդ դոլարից), Վաշինգտոնը սպառնալիքներով ստիպեց Հարավային Կորեային հրաժարվել իր նախնական մտադրությունից: Ի պատասխան, Իրանի անվտանգության ծառայության բարձրաստիճան մի պաշտոնյան, որի անունը չի նշվում, մարտի 10-ին հայտարարել է, որ իր երկիրը կհրաժարվի փուլային վերադարձից JCPOA: Իրանցի պաշտոնյան հավելել է, որ իր երկիրը կհամաձայնի պատժամիջոցները վերացնելու ստուգելի կարգով՝ նախքան վերադառնալը բազմակողմանի պայմանագիրը լիարժեք կատարելուն, հաղորդում է իրանական «Press TV» անգլալեզու հեռուստաընկերությունը: Իրանի անվտանգության ծառայության պաշտոնյան անանուն մնալու պայմանով «Press TV»-ին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ նոր վարչակազմը ի վիճակի չէ վերացնել Իրանի նկատմամբ Սպիտակ տան նախկին թիմի կողմից սահմանված պատժամիջոցները: Ըստ պաշտոնյայի, Թեհրանի կողմից JCPOA-ի իր պարտավորություններին վերադառնալու միակ ճանապարհը Վաշինգտոնի կողմից բոլոր պատժամիջոցների անվերապահ վերացումն է: Եվ եթե ԱՄՆ-ի կողմից սահմանված անօրինական պատժամիջոցները չչեղարկվեն, Իրանը առաջիկայում հետագա քայլեր կկատարի գործարքում ստանձնած պարտավորություններից հրաժարվելու ուղղությամբ: «Ամերիկայի պարզ, դատարկ խոսքերն ու մակերեսային գործողություններն անընդունելի են Իրանի համար, մենք պատժամիջոցների ամբողջական վերացումը կընդունենք միայն ստուգումից հետո»,- ընդգծել է Իրանի անվտանգության ծառայության պաշտոնյան: Նա ավելացրել է, որ Իրանը ոչ մի պաշտոնական կամ ոչ պաշտոնական բանակցություն չի վարելու Միացյալ Նահանգների հետ մինչև պատժամիջոցների վերացումը, ինչպես նաև մերժել է բանակցությունները Իրանի միջուկային խնդրին չվերաբերող թեմաների շուրջ՝ ասելով, որ Իսլամական Հանրապետության պաշտպանական և հրթիռային կարողությունները, ինչպես նաև իր տարածաշրջանային դերը, ոչ մի ընդհանուր բան չունեն JCPOA-ի հետ:

Վաշինգտոնի ու Թեհրանի դիրքորոշումները, ինչպես դա նկատվում է անզեն աչքով, տրամագծորեն հակառակն են: Այսինքն՝ չպետք է դիրքորոշումների մերձեցում ակնկալել, մանավանդ Իրանը մտնում է մի շրջափուլ, երբ այս երկրում սպասվում են ընտրություններ, և շատերն ակնկալում են, որ Հասան Ռոհանիի կառավարությունը կփոխարինվի ավելի կոշտ և անզիջում քաղաքական և ռազմական գործիչներով։ Սակայն մենք տեսնում ենք, որ ԱՄՆ-ի «սակարկությունները» կարող են նաև նկատելի «ցրտահարություն» առաջացնել Իրանի և Ռուսաստանի միջև: Ամեն դեպքում, եթե ոչ իրանա-ռուսական հարաբերությունների ողջ սպեկտրով, ապա Թեհրանի և Մոսկվայի միջև JCPOA գործարքի շուրջ փոխգործակցության առումով կարող է սկսվել «ձմռան շրջան»: Պատճառն այն է, որ, ըստ ամենայնի, Ռուսաստանի իշխանությունները հետևել են Բայդենի վարչակազմի օրինակին: Մարտի 9-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իբր առաջարկել է «փոխզիջումային տարբերակ» այսօրվա իրանա-ամերիկյան դիմակայությունը լուծելու համար: Նա, խոսելով ԱՄԷ-ի իր գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում, հայտարարել է․ «Այս հրատապ խնդիրը լուծելու համար, մենք կարծում ենք, որ շատ հնարավոր է զարգացնել միաժամանակյա փուլային քայլեր, որոնք պետք է ձեռնարկվեն իրանցիների և ԱՄՆ-ի կողմից: Քանի որ հենց հիմա, եթե մենք քննարկենք, թե ով պետք է առաջինը վերադառնա իր պարտավորություններին, բանակցությունները կարող են շարունակվել հավերժ»:

Թեհրանի արձագանքը համարյա ակնթարթային էր և բազմաշերտ. Իրանի նախագահի վարչակազմի ղեկավար Մահմուդ Վաէզին մարտի 10-ին կառավարության նիստի շրջանակներում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թեհրանը չի պաշտպանում և չի աջակցում Լավրովի առաջարկը Իրանի և ԱՄՆ-ի համաժամանակյա քայլերի վերաբերյալ` JCPOA- ն փրկելու համար: «Այդպիսի առաջարկները չեն նշանակում, որ դրանք համաձայնեցված են մեզ հետ: Նման առաջարկները նախատեսված են ճանապարհը շարունակելու համար։ Եթե ​​առաջարկը վերջնական տեսքի բերվի, այն, անշուշտ, կհրապարակվի», – շեշտել է Վաէզին, հաղորդում է «Tasnim News» գորժակալությունը: Նա նաև նշել է, որ JCPOA-ն և հակաիրանական պատժամիջոցների վերացումը կարևոր խնդիրներ են, որոնց պատասխանը փնտրում են Իրանը, շատ բարեկամ պետություններ և միջուկային գործարքում ներգրավված երկրներ: «Սակայն այն, ինչ ասվում է Ռուսաստանի կողմից, չի հանդիսանում  ապացույց առ այն, որ մենք հաստատում ենք նրանց հայտարարությունները»,- նշել է Իրանի նախագահի վարչակազմի ղեկավարը:

Մենք տեսնում ենք, որ Վաեզին «սառեցրեց» Լավրովի ոգեշնչումը, հստակ ակնարկելով հնարավոր (և նշանակալի) տարաձայնությունների մասին՝ Իրանի և Ռուսաստանի միջև: Հնարավոր է, որ Ռուսաստանը ինչ-որ բան զիջեց Բայդենի վարչակազմին և որոշեց «միջնորդել»՝ Իրանից զիջումներ կորզելու հույսով: Դա իրանական կողմին ստիպեց «Լավրովին դնել տեղը», օրինակ ՝ այն տեսքով, որով Վաեզին ասաց. «Նախքան որևէ բան ասես, նախ՝ համաձայնեցրու Իրանի հետ»: Ինչպե՞ս կարձագանքի Լավրովը Թեհրանի դիվանագիտական ​​նախազգուշացմանը, մենք չգիտենք: Բայց մենք տեսնում ենք. Լավրովը նահանջեց Ռուսաստանի ԱԳՆ անցած տարվա որոշումից, որը 2020 թ. հունիսի 18-ին հնչեցրեց ՌԴ արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը, հիշեցնենք այդ հայտարարությունը. «Համաձայն միջազգային իրավունքի`ԱՄՆ-ը պարտավոր է անհապաղ վերադառնալ JCPOA- ի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևով նախատեսված բոլոր պարտավորությունների կատարմանը, վերացնել Իրանի դեմ 2018 թվականի մայիսից վերականգնած բոլոր պատժամիջոցները և դադարեցնել համակարգային խոչընդոտներ ստեղծելը՝ մնացած բոլոր երկրների կողմից համաձայնագրերի իրականացմանը: Մենք խստորեն խորհուրդ ենք տալիս, որ մեր ամերիկացի գործընկերները հաշվի առնեն, թե որ երկրի գործողություններին այս համատեքստում կիրառելի է «շանտաժ» տերմինը»: Հազիվ թե Իրանին դուր էր եկել նախարար Լավրովի հավատուրացությունը (ռենեգատություն)…

Սերգեյ Շաքարյանց