«Հայ Առաքելական Եկեղեցին կանգնած է Արցախի թեմը կորցնելու շեմին»․ Regnum

Ռուսական Regnum լրատվական գործակալությունը հրապարակել է հոդված, որում հեղինակը՝ Վատիկանի և Հռոմեական կաթոլիկ եկեղեցու, ինչպես նաև Միջին Արևելքի և Անդրկովկասի եկեղեցիների հարցերով փորձագետ Ստանիսլավ Ստրեմիդլովսկին, անդրադարձ է կատարել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի հնարավոր ապագային:

Ստորև ներկայացնում ենք հեղինակի հոդվածը․

«Վատիկանի նկատմամբ Բաքվի ուշադրության մեջ ինչ-որ զարմանալի բան կա: Ադրբեջանը ֆորմալ առումով մուսուլմանական երկիր է: Այնուամենայնիվ, երկրի իշխանությունները նկատելի օգնություն չեն ցուցաբերում շիիզմի առաջատար կենտրոններ Իրաքին և Իրանին: Ավելի շատ հայտնի է Ադրբեջանի դերը քրիստոնեական սրբավայրերի վերականգնման գործում, որում նա ակտիվորեն համագործակցում է Վատիկանի հետ:

Այսպիսով, օրերս Վատիկան են այցելել «Հեյդար Ալիև» հիմնադրամի պատվիրակությունն ու Ադրբեջանի կրոնական համայնքների ներկայացուցիչները: Ինչպես հայտնում են Բաքվի հրատարակությունները, այցի ընթացքում «Հեյդար Ալիև» հիմնադրամի և Սուրբ Աթոռի հնագիտական խորհրդի միջև համագործակցության նոր համաձայնագիր է կքվել` Սուրբ Կոմմոդոսի կատակոմբները վերականգնելու աշխատանքների շուրջ: Մշակույթի հարցերով պապական խորհրդի նախագահ կարդինալ Ջանֆրանկո Ռավազին նամակ է ստացել Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայից: Հռոմեական կատակոմբների վերականգնման հարցի շուրջ համագործակցության քննարկումներից բացի, Ադրբեջանի պատվիրակությունը «կոչ է արել Վատիկանի մասնագետներին իրենց անմիջական մասնակցությամբ, ինչպես նաև կարծիքներով և առաջարկություններով նպաստել պատմական և մշակութային ժառանգության վերականգնմանը Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքում: Հարցը միայն այն չէ, որ Բաքուն հնարավորություն կունենա գումար վաստակել քրիստոնեական վայրեր կազմակերպվելիք զբոսաշրջությունից։ Այսպիսով հարվածի տակ է ընկնում Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հավակնում է Կովկասյան Ալբանիայի ժառանգությանը, ինչով էլ հիմնավորում է Լեռնային Ղարաբաղի տարածքում առկա եկեղեցիների գոյությունն ու իր պետականությունը: Այս հարցի շուրջ բազմիցս զրուցներ են կայացել Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ, որը 1988-ից 2020 թվականներին եղել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդը: «Մենք Արցախի պետականությունը հաշվում ենք 5-րդ դարի առաջին կեսից՝ հայկական թագավորության անկումից հետո, երբ արևելյան Հայաստանում՝ Արցախում, Ուտիքում, Փայտակարանում և Կուր գետի ձախ ափին հայկական թագավորություն է ստեղծվել՝ իր թագավորով և կաթողիկոսով», – ասել է Պարգև արքեպիսկոպոսը, – «Այն, ինչը ժամանակին անվանվում էր Կովկասի ալբանական թագավորություն և ալբանական Կաթողիկոսություն»:  Գյուլիստանի խաղաղության պայմանագրից հետո ալբանական կամ աղվանական Կաթողիկոսությունը, որի կաթողիկոսական նստավայրը գտնվում էր Գանձասարում (պատմականորեն հայաբնակ Լեռնային Ղարաբաղում), դադարել է գոյություն ունենալ և վերափոխվել է Հայ Առաքելական Եկեղեցու մետրոպոլիայի, ապա բաժանվել երկու՝  Ղարաբաղի ու Շամախիի թեմերի: Ներկայիս իրավահաջորդը Արցախի թեմն է: Քանի դեռ գույություն ուներ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը, թեկուզև չճանաչված, այն աջակցել և սնուցել է Արցախի թեմը: Եվ սա կապում էր Բաքվի ձեռքերը: Սակայն Ղարաբաղյան հաղթական պատերազմից հետո Բաքվի առջև նոր հեռանկարներ են բացվել:

«Այս համատեքստում առանձնահատուկ տեսակյունից կարելի է դիտարկել «ազատագրված տարածքներում» (չակերտը-Խմբ.) ալբանական եկեղեցիների առկայությանը, ինչը հայ «զավթիչները» (չակերտը-Խմբ.) աշխարհին փորձել են և փորձում են ներկայացնել որպես «սեփական» արմատներ», – նախորդ տարվա նոյեմբերին գրել է ադրբեջանական Turan.az պորտալը, – Չնայած համաշխարհային պատմությունն ապացուցում է, որ Ալբանական եկեղեցին որոշակի շրջանում ինքնանկախ (ուղղափառ եկեղեցիների համակարգում մի տեղական եկեղեցու անկախությունը մյուսից) եկեղեցի է եղել: Այլ հարց է այն, որ 1836 թվականին Ալբանական կաթողիկոսությունը վերացվել է Ռուսաստանի կայսր Նիկոլայ Առաջինի որոշմամբ։ Եվ այստեղից հարց է առաջանում. արդյոք ժամանակը չէ՞ պատրաստել Ալբանական եկեղեցու իրավունքների վերականգնման վերաբերյալ փաստաթղթերը, և հատկապես վերականգնել եկեղեցու հին ժառանգությունը, վերադարձնել ինքնանկախ կարգավիճակը։ Հատկապես եթե Ադրբեջանում ալբանա-ուդիական քրիստոնյա համայնք գոյություն ունի»: Հարցը միանգամայն տրամաբանական է: Իրոք, ի՞նչն է խանգարում Բաքվին լուծել այն, քանի որ Լեռնային Ղարաբաղի հանրապետության գոյության 30 տարիների ընթացքում, Էջմիածինը, Երևանին որպես  այլընտրանք, չի բարձրացրել Աղվանական կաթողիկոսությունը վերականգնելու հարցը, ինչը, ըստ էության, երկարացրել է իր ազդեցությունը Արցախի սահմաններում: Ինչո՞ւ, օրինակ, Բաքուն այժմ չի դիմում Պոլսի պատրիարք Բարդուղիմեոսին` խնդրելով ինքնանկախություն շնորհել, իհարկե, ոչ թե Աղվանական, այլ Ալբանական կաթողիկոսությանը։ Այդ քայլից հետո Ադրբեջանի իշխանությունները կարիք չեն ունենա պայքարել աշխարհում նոր ուղղափառ եկեղեցու ճանաչման համար` բախվելով Ռուսաստանի Ուղղափառ Եկեղեցուն, որի Բաքվում գտնվող մետրոպոլիան դրանից հետո կտրուկ անկում կապրի:

Ինքնակախության վերականգնումից հետո հաջորդ օրը Բաքուն կարող է ունիայի խնդրանքով դիմել Վատիկանին, որպեսզի նորաստեղծ Ալբանական Ուղղափառ Եկեղեցին դասվի Սուրբ Աթոռի հետ հաղորդակցման մեջ գտնվող Մերձավոր Արևելքի բազմաթիվ Եկեղեցիների շարքին: Իհարկե, այստեղ կարելի է հիշել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի և Մոսկվայի ու համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի Հավանայում կայացած հանդիպման ընթացքում ընդունված համատեղ հռչակագրի այն կետը, որում ասվում է, որ «նախորդ դարերում գոյություն ունեցած «ունիատիզմի» (միացման) մեթոդը, որը ենթադրում է մի համայնքի միացումը մյուսի հետ` այն անջատելով սեփական Եկեղեցուց, միասնության վերականգնման ճանապարհ չէ»: Սակայն սա վերաբերում է արդեն գոյություն ունեցող Եկեղեցիներին, և չի տարածվում Ալբանական եկեղեցու վրա, քանի որ այն «զրոյից» կձևավորվի: Իսկ կաթոլիկությունը, որպես այդպիսին, հնարավոր չէ գտնել Ադրբեջանի պատմական արմատներում: Հանրապետության տարածքում կաթոլիկ համայնքների պատմության մասին պահպանված գրավոր աղբյուրները սկսվում են 14–րդ դարից՝ միայն Նախիջևանում այդ ժամանակ գործել է 12 առաքելություն:

Եթե Լեռնային Ղարաբաղում, Արցախի թեմի փոխարեն, հայտնվեր վերականգնված Աղվանական կաթողիկոսությունը, դա կդժվարեցներ Ալբանական եկեղեցի ստեղծելու Բաքվի գործողությունը: Սակայն ո՛չ Ստեփանակերտը, ո՛չ էլ Էջմիածինը այդ քայլին չեն գնացել: Այժմ նախաձեռնությունը Բաքվի ձեռքում է»: