Մի տոլմայի պատմություն

Չէի կարող իմ էմոցիաները չփոխանցել Ժիրայր Ավանյանի և Դոլմամայի շուրջ այս մեծ պառադի առիթով։ Որովհետև Ժիրայր Ավանյանը հավաքական կլասիկ օրինակ է թավշյա հեղափոխության հաշմանդամության։

Դոլմամայի տերը նախկին իշխանությունների սրտի ռեստորանատերն էր։ Նախկինների Ազգային Ժողովն ու կառավարությունը բոլոր պաշտոնական ճաշերն ու ճաշիկները, նախաճաշերն ու ընթրիքները կազմակերպում էին Դոլմամայում՝ իրենց սրտի ռեստորանատիրոջ մոտ, որտեղ չորս հատիկ տոլման արժեր ասենք, 15 հազար դրամ։ Ու ես ևս քանիցս ներկա եմ եղել Ժիրայր Ավանյանի սուպեր ռևերանսներին նախկինների հանդեպ, ովքեր Դոլմամային տվել էին տոտալ մենաշնորհ։

Հետո եկավ թավիշը ու Ժիրայր Ավանյանը դարձավ երդվյալ հեղափոխական։ Նու, մոտավորապես այնպիսին, ինչպիսին մարտի 1-ին մենք տեսանք Հանրապետության հրապարակում՝ «Շուշին թուրքինն աաա», «Նիկոլը մեր Աստվածն աաաաա» ռեպերտուարի շրջանակներում։

Անկեղծ, զարմացած էի, որովհետև թվում էր, թե կիրթ ու ինտելեկտուալ մարդ էր և անգամ փորձեցի հետը զրուցել ու հասկանալ՝ ինչի՞ է էդպես անում։

Հետո իմացա, որ իմ պես մտածող մի քանի մարդ ևս փորձել է հասկանալ, թե ինչո՞ւ է այս մարդը էդպես անխնա քծնում Նիկոլին ու ինձ պես չեն հասկացել։

Հիմա դառնանք Դոլմամայի ճակատագրին։

Ես հասկանում եմ էլիտայի անտարբերությունը Դոլմամայի ու Ժիրայրի ճակատագրի հանդեպ, երբ ասում են՝ ամեն ինչ արդար է։ Որովհետև, այո,  Նիկոլն ամենաարդար բանն էր, որ տեղի ունեցավ այս հասարակության հետ։

Իսկ Ժիրայրի գաղափարակիցները, որ հրապարակում գոռում էին՝ «Ռիտան չի մեռել, սուտաաաա», նրանք չեն կարող Դոլմամայի շահերը պաշտպանել, որովհետև չգիտեն դա ինչ է ու ինչի հետ են ուտում։

Հա, ասեմ նաև, թե ինչով է ավարտվելու այս մելոդրաման։ Նիկոլը գտնելու է տարբերակ Դոլմաման թողնելու Ժիրայրին, որովհետեւ Ժիրայրը Նիկոլի համար ընդամենը մի մեծ «լայք» է իր գրառումների ու լայվերի տակ, իսկ Նիկոլը չի սիրում լայքեր կորցնել։

Ու Ժիրայրը չի իրականացնելու  Դոլմաման քանդող տրակտորի տակ ինքնազոհաբար պառկելու իր մարտահրավերը։

Ավելին, կանցնի մի քանի օր և նրանք, ովքեր չեն ջնջել այս մարդուն իրենց ընկերների ցանկից, կկարդան հերթական  դոլմամայոտ գրառումը  ժողովուրդների հայր Նիկոլի մասին։

Սպասենք վերջին արարին։

Իսկ Դոլմամայի խոհանոցը իսկապես լավն է։

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից