Իրանում համավարակի 4-րդ ալիքի տարածման հավանականություն կա․ Ռոհանի

Իրանում դեռևս առկա է կորոնավիրուսային համավարակի չորրորդ ալիքի տարածման հավանականությունը, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին:

«Համավարակի չորրորդ ալիքի սպառնալիքը վերացված  չէ: Մինչև այսօր մենք զգույշ ենք եղել, որպեսզի խուսափենք նոր ալիքից, սակայն այդ սպառնալիքը կարող է ցանկացած պահի իրականանալ», – ասել է Ռոհանին՝ Իրանի պետական հեռուստատեսությամբ հեռարձակված ելույթի ընթացքում:

Նախագահը հավելել է, որ «Իրանն այս և հաջորդ շաբաթ կբարձրացնի պատվաստումների մակարդակը»:

2020 թվականի դեկտեմբերի 17-ին Ռոհանին հայտարարել էր, որ Իրանը հաղթահարել է երկրում կորոնավիրուսի երրորդ ալիքը:

Փետրվարի 9-ին Իրանում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների արշավը, որի շրջանակում կիրառվում է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանոյւթ։ Բացի այդ, փետրվարի 28-ին Իրանը ստացել է կորոնավիրուսի դեմ չինական Sinopharm պատվաստանյութի առաջին խմբաքանակը, իսկ մարտի 11-ին՝ հնդկական Bharat Biotech ընկերության արտադրության պատվաստանյութի 150 հազար չափաբաժին: Նախատեսվում է, որ իրանական արտադրության պատվաստանյութի օգտագործումը կսկսվի ապրիլին: