2020 թ. աշխարհում մասնագիտական պարտականությունները կատարելիս սպանվել են 65 լրագրողներ

2020 թվականին աշխարհում մասնագիտական պարտականությունները կատարելիս սպանվել են 65 լրագրողներ և լրատվամիջոցների աշխատողներ, News.amի տեղեկացմամբ,  հայտնում է Լրագրողների միջազգային ֆեդերացիան (IFJ):

Սա 17-ով ավելի է, քան 2019 թվականին, իսկ զոհվածների թիվը շուրջ նույն մակարդակին է, ինչ 1990-ական թվականներին, հայտարարել են ֆեդերացիայից:

IFJ-ն հայտնել է, որ սպանությունները տեղի են ունեցել 16 տարբեր երկրներում նպատակաուղղված հարձակումների, ռումբերի պայթյունների և փոխհրաձգությունների ժամանակ:

1990 թվականին IFJ-ի հաշվարկը սկսելու պահից սպանվել են ընդհանուր 2680 լրագրողներ:

«Մեքսիկայում քրեական մագնատների անողոք կառավարումը, Պակիստանում, Աֆղանստանում ևՍոմալիում ծայրահեղականների բռնությունները, ինչպես նաև Հնդկաստանում և Ֆիլիպիններում կոշտ գծի կողմնակիցների հանդեպ անհանդուրժողականությունը նպաստել են լրատվամիջոցների արյունահեղության շարունակմանը»,- ասել է IFJ-ի գլխավոր քարտուղար Էնթոնի Բելանջերը:

Հինգ տարում չորրորդ անգամ Մեքսիկան գլխավորել է երկրների ցուցակը, որտեղ առավել մեծ թվով լրագրողներ են սպանվել՝ 14 սպանություն: Հաջորդում են Աֆղանստանը՝ 10 մահ, Պակիստանը՝ 9, Հնդկաստանը՝ 8, 4-ական սպանություն Ֆիլիպիններում և Սիրիայում, 3-ական՝ Նիգերիայում և Եմենում: Սպանություններ են կատարվել նաև Իրաքում, Սոմալիում, Բանգլադեշում, Կամերունում, Հոնդուրասում, Պարգվայում, Ռուսաստանում և Շվեդիայում:

IFJ-ն հայտնել է, որ մահերից բացի, 2021 թվականի մարտի դրությամբ ամբողջ աշխարհում իրենց աշխատանքի պատճառով բանտարկված են ոչ պակաս 229 լրագրողներ: Ֆեդերացիան հայտարարել է, որ Թուրքիան «աշխարհում լրագրողների ամենախոշոր բանտապահն» է. Թուրքիայի բանտերում պահվում են լրատվամիջոցների ոչ պակաս 67 աշխատակիցներ: 23 լրագրող ձերբակալվել է Չինաստանում, 20՝ Եգիպտոսում, 16՝ Էրիթրեայում և 14՝ Սաուդյան Արաբիայում: