Ահաբեկչական երկիր Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանն է

«Էրդողանն ու Ալիևը փորձում են Հայաստանը ներկայացնել որպես ահաբեկչական երկիր։ Սա Աստծո դեմ ուղղված խարդախություն է։ Ադրբեջանն ու Թուրքիան, որպեսզի կարողանան Սյունիքը ձեռք գցել, որպեսզի կարողանան Հայաստանը մասնատել, նրանք հայտարարում են, թե պատերազմի ժամանակ գերի ընկած հայ զինվորները գերիներ չեն, այլ ահաբեկիչներ են, ու Ալիևը ուզում է նրանց դատել որպես ահաբեկիչներ։ Սրա հետ մեկտեղ, Ադրբեջանն ու Թուրքիան մեզ ներկայացնում են իբրև պատմության ու մշակույթի կեղծարարներ։ Ասում են՝ չի եղել Մեծ Հայաստան, Տիգրան Մեծի կայսրությունը, այլ եղել է Կովկասյան Ալբանիա, որը ըստ իրենց՝  ազերիներն են ու մենք․ իբր թե իրենց պատմական մշակութային  ժառանգությունը սեփականացրել ենք։ Եվ ներկայացնում են, որ Արցախի եկեղեցիները ալբանական են։ Սրա դեմ պայքարելու համար ես մեծ գիտաժողով կազմակերպեցի»,- այս մասին «Մենք» հաղորդաշարին տված հարցազրուցում ասաց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ, դոկտոր Աշոտ Գրիգորյանը։

Քրիստոնեական մշակույթը ոչնչացնող երկու պետությունները՝ Ադրբեջանն ու Թուրքիան կեղծավորի դիմակով, մի կողմից ավերում են այդ արժեքները, մյուս կողմից հանդես են գալիս իբրև կառուցողներ: Հայտնի է, որ «Հեյդար Ալիևի» հիմնադրամի միջոցներով Վատիկանում նորոգվել են բազմաթիվ պատմական հուշարձաններ։ Այս հանգամանքը, ցավոք, պատճառ դարձավ, որ Արցախի դեմ պատերազմի ժամանակ  մշակութային արժեքների դեմ իրականացվող վանդալիզմի ժամանակ «նրբանկատորեն» լռի Հռոմի պապը:

Դառնալով Հայաստանի գլխին կախված նոր պատերազմի վտանգին, որն այս անգամ, դատելով Ալիևի հայտարարություններից,  լինելու է Զանգեզուրի համար, Գրիգորյանն ասաց․ «Ալիևը  Ռուսաստանի հետ փորձում է այնպես աշխատել, որ ՌԴ-ը չխանգարի Էրդողանի ծրագրերի իրականացմանը։ Ալիևը հայտարարում է, որ այդ միջանցքը տրամադրելու է Չինաստանի՝ «մեկ ուղի, մեկ օղակ» պատմական ճանապարհի պատրաստմանը,  որով չինական ապրանքները կհասնեն Ադրբեջան, կմտնեն Նախիջևան ու  Թուրքիայով կհասնեն Եվրոպա։ Նման սատանայական խաղով նա իր կողմն է գրավում այդ իդեայով շահագրգիռ երկրներին»։

Խոսելով հայ-ռուսական հարաբերություններից՝ Գրիգորյանն ասաց․ «Ռուսաստանը հանուն հայ ժողովրդի հետ ունեցած կապերի, դեռևս շարունակում է մեզ սատարել,  բայց ամբողջովին արհամարհում է Նիկոլին։ Ցավոք,  ՌԴ-ը սատարում է Թուրքիայի հետաքրքրությունները․ երեկ սկսվեց ատոմակայանի 3-րդ բլոկի շինարարությունը։ Իսկ Ալիևը հրաշալի հարաբերությունների մեջ է Պուտինի հետ՝ իր մի շարք խոշոր օլիգարխների միջոցով․․․ Ալիևը կարողանում է Մոսկվայում ստեղծել ադրբեջանական մթնոլորտ, կազմակերպել հզոր լոբբինգ։ Պատմության մեջ առաջին անգամ ռուսական հեռուստատեսության հարթակներում այսօր կարող եք տեսնեք ադրբեջանցի քաղաքական մեկնաբանների։ Սա ցավով եմ նշում, քանի որ այդ հարթակները ավանդաբար եղել է հայերի ձեռքում։ Կշեռքի նժարը, որոշ չափով, փոխվել է։ Սակայն փառք Աստծո, որ մեր քրիստոնեական մշակութային, պատմական կապերը Ռուսաստանի հետ, և ամենակարևորը՝ ՌԴ մեծ հետաքրքրությունը, որ հանկարծ Թուրքիան չմտնի Հարավային Կովկաս՝ մեզ փրկում է։ Բայց մեզ պետք է փրկի ոչ թե ՌԴ բարի ցանկությունը, այլ մեր դիվանագիտությունը, քաղաքական գործիչների աշխատանքը՝ հիմնված հզոր տնտեսության վրա»։

Գրիգորյանը տեղին նկատեց, որ Հայաստանի համար չարիք է ադրբեջանապաշտ հատվածը․ «Այդ գրանտակեր հանրությունը, այդ ոչնչությունը, որ ապրել են դրսից եկած գրանատների հաշվին, այսօր իրենց սև գործն ուզում են տանել ու մեզ կտրել Ռուսաստանից»։ Սրա դեմ պայքարում պետք է համախմբվի հայ ժողովուրդը։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։